ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցելել է ադրբեջանական զորամաս

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուսթաֆա Օղուզի գլխավորությամբ, այցելել է N զորամաս։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, հյուրերին տեղեկացրել են զորամասի պատմության, գործունեության հիմնական ուղղությունների և ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության մասին, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

«Այնուհետև պատվիրակությունը, ծանոթանալով զորամասի ունեցած մարտական միջոցներին, մանրամասն տեղեկացվել է դրանց տակտիկատեխնիկական բնութագրերի մասին։ Վերջում տեղի է ունեցել նվերների փոխադարձ հանձնման արարողություն, ներկաները լուսանկարվել են»,- նշվել է հաղորդագրությունում։