Նախկինների օրոք բացառվել է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելը, ինչն այսօր իրականացնում է քաղաքական ծաղրածուն

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որպես փորձառու մանիպուլյատոր ու արևմտյան տեխնոլոգիաների հմուտ գիտակ, 44-օրյա արցախյան պատերազմից հետո` պատասխանատվությունից խուսափելու, սեփական մեղքերը պարտակելու, հայ ժողովրդի դեմ կատարած իր հանցագործ քայլերը թաքցնելու նպատակով, սկսեց դրանք նախկինների վրա բարդելու մի անբարո գործընթաց:

Փաշինյանն ու իր քպ-ական խմբակի «կարկառուն» դեմքերը մեկը մյուսի հետևից շրջանառության մեջ դրեցին իրականության հետ որևէ կապ չունեցող կեղծ տեղեկություններ: «Ժողովրդի աչքին թոզ» փչելու համար հորինվեց նախկիններին ուղղված մեղադրանքների մի ամբողջ շարք` այն համոզմամբ, որ իրենց կհաջողվի մոլորեցնել արցախյան բանակցային գործընթացից անտեղյակ մեր ժողովրդին: Շրջանառված կեղծիքներից մեկն էլ այն էր, թե պարտվեցինք, քանի որ նախկիններից վատ ժառանգություն ենք ստացել, բանակցային գործընթացը հասցվել էր վտանգավոր կետի: Փաստերը կեղծելու քպ-ականների մոլեռանդությունը հասավ գագաթնակետին. հորինվեց ու շրջանառվեց մի սարսափելի կեղծիք, որով Արցախի համար ռազմական ու դիվանագիտական դաշտում կռիվ տված նախկին նախագահներին մեղադրեցին, իբր, Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ բանակցելու մեջ:

Հմուտ մանիպուլյատորի հաշվարկները, ցավոք, ճիշտ դուրս եկան. պատերազմից հետո սարսափելի ողբերգությունից շոկի մեջ հայտնված մեր ժողովրդի մի հատվածն այս անգամ էլ «կերավ» Նիկոլի տված «կուտը»: Ու մարդիկ հավատացին անլուրջ, անմիտ, զավեշտալի այն մտքին, թե, «բա, չգիտե՞ք, նախկինները խեղճ Նիկոլի ջեբը գցեցին պատերազմը»: Փաստորեն, ժողովրդին հիմարացնելու Փաշինյանի տեխնոլոգիան ունեցավ իր հերթական ներգործությունը:

Մինչդեռ արցախյան բանակցային գործընթացի պատմությունը փոքր-ինչ աչքի անցկացնող ամեն ոք կարող է շատ արագ համոզվել տարածվող կեղծիքի մեջ, ու հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ բանակցային ողջ գործընթացում բացառվել է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում, ի պատասխան Փաշինյանի անմիտ պնդմանը` ասել էր. «Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ ՀՍՏԱԿ ԷԻՆ` ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությանը հաջողվել էր տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող համանախագահող երեք կենտրոններին`Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Արցախի հարցում բերել մեկ դիրքորոշման: Իսկ դա այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մինսկի խումբն այն միակ հարթակն էր, որտեղ ռուս-ամերիկյան «պղտոր ջրերը» խաղաղ էին հոսում. արցախյան հարցում նրանք լիովին համակարծիք էին: ԼՂ ինքնորոշման մասին խոսում էր և՛ Մոսկվան, և՛ Փարիզը, և Վաշինգտոնը: Համանախագահներն իրենց բոլոր հայտարարություններում շեշտում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի կարևորությունը, ընդգծելով, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ուղղակիորեն համընկնում էին Հայաստանի ու ԵԱՀԿ համանախագահող երեք երկրների դիրքորոշումները, իսկ Ադրբեջանն իր հակադրվող դիրքորոշմամբ մնացել էր միայնակ: Հիշենք, 2016-ին Ալիևի հայտնի խոստովանությունը կառավարության նիստում, թե. «Փակ դռների հետևում միջազգային միջնորդներն ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Թշնամական երկրի նախագահն անգամ իր խոստովանությամբ ակամա փաստում էր ընթացող բանակցություններում հայկական դիվանագիտության հաջողությունների մասին:

Միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներից նախագահ Սարգսյանը բարձրաձայնում էր`«Արցախը եղել է ու լինելու է հայկական», «Բացառվում են միակողմանի զիջումները», «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Սրանք են եղել ՀՀ երրորդ նախագահի կարմիր գծերը, որոնք երբեք չփոխվեցին:

Սակայն բանակցություններում առկա հայանպաստ այս իրավիճակը կտրուկ փոխվեց 2018-ին…

Հայաստանում կազմակերպված իշխանափոխությամբ ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Անտեսելով տասնամյակների դիվանագիտական տքնաջան աշխատանքի ձեռքբերումները, Փաշինյանը Հայաստանի իշխանության ղեկը ձեռք գցելուն պես հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր «զրոյական կետից»։ Քաղաքական շրջանակներում առաջացավ մեծ անհանգստություն` ի՞նչ ասել է «զրոյական կետ»: Իրեն ուղղված հարցերին Փաշինյանն անլրջաբար, մատ թափ տալով պատասխանում էր. «Ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք»: Այդպես, մատ թափ տալով էլ մսխեց ու փոշիացրեց ՀՀ նախկին իշխանության թողնած բանակցային հսկայական ժառանգությունը` հայկական երկու հանրապետությունները կանգնեցնելով աղետի առաջ:

Իսկ նրա այն հայտարարությունները, թե «Արցախը Հայաստան է, ու վերջ», թե պայքարելու ենք Արցախի ինքնորոշման համար, նրա քոչարի պարելը Շուշիում, ընդամենը քող էին` հերթական տեխնոլոգիաները: Նման բեմականացված ներկայացումներով ծաղրածուն խաբում էր ժողովրդին, մինչդեռ խորքում ծավալում էր Արցախը թշնամուն հանձնելու դավադիր գործընթացը: Հիշենք, Ալիև-Փաշինյան «վերելակային» գաղտնի հանդիպումը, նաև մինչ օրս չգաղտնազերծված փակ ծրարների փոխանակումը մեկմեկու:

2020-ին հայ ժողովրդի դեմ իրականացվեց 44-օրյա արյունոտ պատերազմ, ինչը մանրակրկիտ ծրագրված, կազմակերպված պարտության պատերազմ էր` Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ:

Հ.Գ. Ինչպես ասում է ժողովրդական առածը` «Սուտն աղետաբեր է, ստից սարսափելի արատ երկրի վրա գոյություն չունի»:

Արմինե Սիմոնյան