Ի պաշտպանություն Արցախի՝ Փարիզում բողոքի ակցիա է կազմակերպվել (լուսանկարներ)

Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգությունների ու հանցագործությունների դատապարտման նպատակով ֆրանսահայ մշակութային միության, հայ ու ֆրանսիացի մի խումբ երիտասարդների համատեղ ջանքերով Փարիզի քաղաքապետարանի հարակից տարածքում մարտի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպվել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Լիլիթ Մանվելյանը տեղեկացրեց, որ  երիտասարդներն այդպիսով կոչ են ուղղել միջազգային հանրությանը` առավելագույն ճնշում գործադրելու Ադրբեջանի հանդեպ, որպեսզի բացվի Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ` կյանքի ճանապարհը, կանգնեցվեն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն` կանխելու Արցախում ծայր առած հումանիտար ճգնաժամը։

Ակցիայի մասնակիցների մի մասը ծածկել էին իրենց աչքերն ու բերանները` դրանով ի ցույց դնելով աշխարհի որդեգրած կրավորական դիրքորոշումը Ադրբեջանի` Արցախը հայաթափելու արշավի նկատմամբ։

Երիտասարդներն ակցիայի ողջ ընթացքում նաև հանրային իրազեկման աշխատանք են կատարել՝ քաղաքացիներին ներկայացնելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: