Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և 50 մլն դոլար՝ Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել նաև 2 միլիոն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքների համար և ապահովել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կատարումը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնք պետք է ազատ արձակվեին դեռևս 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։
Փալոնն իր նամակում նաև ուշադրության է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անմարդկային և անօրինական շրջափակման վրա, որը շարունակվում է արդեն երեք ամիս։ Նամակում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը գտնվում է հումանիտար ճգնաժամի եզրին, որը սպառնում է երկարաժամկետ հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության համար:
Նամակում նշվում է, որ Լաչինի միջանցքը արգելափակելու և բժշկական, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության շարունակական սահմանափակումը առաջացրել են «անհաղթահարելի կարիքներ», ուստի այսօրվա դրությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օգնությունը լիովին անբավարար է։
Հայաստանի անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության նպատակով նամակում նաև կոչ է արվում Հայաստանին օգնություն ցուցաբերել իր ինքնիշխանության պաշտպանության գործում՝ ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի դեմ պայքարում: