Արցախի պետնախարարի հայտարարությունը ոչ միանշանակ է ընկալվել. աշխատակազմի պարզաբանումը

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «Պետական նախարարի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել» վերտառությամբ պարզաբանում է տարածել նախօրեին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի վերաբերյալ։

(Հիշեցնենք, որ լրագրողի հարցին, թե Ադրբեջանի պահանջը չկատարելու պաշտոնական Ստեփանակերտի որոշումը արդյոք համահո՞ւնչ է այն քաղաքականության հետ, որն արցախյան հարցում վարում է պաշտոնական Երևանը, Գուրգեն Ներսիսյանը պատասխանել էր. «Պաշտոնական Երևանի և Արցախի դիրքորոշումների հետ կապված՝ ես կարող եմ ասել հետևյալը։ Նախ, ես չեմ պատկերացնում, որ կարող են լինել երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև տարբերություններ, և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, առավելապես երբ խոսքը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է հենց արցախյան իշխանությունների դիրքորոշմանն ու կարծիքին, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Ճշտող հարցին. «Մոտեցումների տարբերություններ այս պահին չկա՞ն այսինքն», պետնախարարը պատասխանել է. «Որևէ կերպ»։)

Ներկայացանում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

«Մարտի 7-ին NEWS.am-ին տված հարցազրույցում պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումների տարբերությունների վերաբերյալ ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել: Պարոն Ներսիսյանը խոսքում հատուկ շեշտել է, որ ինքը չի տիրապետում Հայաստանի կողմից տեղի ունեցող բանակցությունների խորքային բովանդակությանը, քանի որ ընդամենը մի քանի օր է, որ զբաղեցնում է պետնախարարի պաշտոնը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր մոտեցումները կառուցելիս պետք է հիմք ընդունի Արցախի ժողովրդի դիրքորոշումը: Ավելին, նա հատուկ շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը պետք է ընդունվի, հարգվի ու ճանաչվի: Եթե Հայաստանի դիրքորոշումը հակասի դրան, ապա այն անարձագանք չի մնալու։

Արցախի ժողովուրդը անշունչ իր չէ, որ մեր մասին որոշումներ ընդունվեն և իրագործվեն՝ առանց մեր կամքը և իրավունքները հաշվի առնելու։ Հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցներն ու երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է պարտադիր կերպով հաշվի առնեն մեր դիրքորոշումը և մոտեցումները, քանի որ արցախյան կողմն է հակամարտության գլխավոր սուբյեկտը։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտոնական դիրքորոշմանը, կարմիր գծերին, ապա դրանք հայտնի են և դրանց հակասող ցանկացած հայտարարություն կամ մոտեցում մշտապես արժանացել է արձագանքի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և արտաքին գործերի նախարարության կողմից, և հետագայում ևս արժանանալու է նույն վերաբերմունքին»։