Շառլ Միշելը շատ է ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Կլաար
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ առաջնորդները մոտ ապագայում կրկին կհանդիպեն Բրյուսելում»,- ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է Կլաարը։
«Կարծում ենք` շատ կարևոր է, որ նրանք կանոնավոր կերպով հանդիպեն և աշխատեն կարևոր հարցերի շուրջ: Ավելի կարևոր է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ հանդիպել, պայմանավորվածություններ ձեռք բերել և ապահովել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանրապես Հարավային Կովկասում»,- նշել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի միակ շահը օգնելն է Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունը: «ԵՄ-ի համար սա ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ, ինչպես սիրում է ասել տիկին Զախարովան։ ԵՄ-ը ցանկանում է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունը: Սա է մեր միակ շահը։ Հարավային Կովկասը ԵՄ-ի հարևանությամբ է, և այս տարածաշրջանում խաղաղությունը բխում է մեր շահերից»։
Կլաարը խոստովանել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնության չեն եկել ԵՄ առաքելության տեղակայման հարցով, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում:
Նա շեշտել է նաև Մոսկվայի հետ շփումները։ «Հանդիպել եմ նաև ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, 2022 թ. սեպտեմբերին եղել եմ Մոսկվայում և քննարկումներ անցկացրել»,- նշել է հատուկ ներկայացուցիչը։