Թբիլիսիում բողոքի ակցիան վերածվել է զանգվածային բախումների․ կան տուժածներ

Թբիլիսիում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Հատուկ ջոկատայինները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Վրաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ օրինագծի ընդունումը սպառնալիքի տակ է դնում Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հույսերը, սակայն վրացական խորհրդարանն իրավունք ունի հաղթահարել նրա կողմից սահմանված վետոն:

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումն առաջին ընթերցմամբ զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել։ Ակցիայի մասնակիցները երեքշաբթի փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան տեղի խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» կայքը:

Ինչպես հաղորդում է Վրացական Mtavari հեռուստաալիքը, հատուկջոկատայինները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ,  66 մարդ է բերման ենթարկվել, տուժել է մոտ 50 իրավապահ:

Վրաստանի ՆԳՆ-ն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ակցիան «բռնի բնույթ է ստացել»: Ինչպես պնդում է գերատեսչությունը, ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել խորհրդարանի մուտքերից մեկը, արձանագրվել են ոստիկանների նկատմամբ բռնության դեպքեր:

Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ցուցարարների շրջանում ևս կան տուժածներ:

Այս ամենից հետո Վրաստանի նախագահը չեղյալ է հայտարարել բոլոր աշխատանքային հանդիպումները ԱՄՆ-ում, որտեղ գտնվում է այժմ, և ուղերձ է  հղել, որում ասված է, որ ժամեր առաջ ընդունված օրենքը ոչ մեկին պետք չէ, բացի Մոսկվայից։ Նրա խոսքով` այդ օրենքը պետք է չեղյալ համարվի և չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։

Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով` Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիները ներկայացնում են ազատ Վրաստանը։

«Ես դիմում եմ ձեզ, նրանց, ովքեր կանգնած են Ռուսթավելի պողոտայում։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ թիկունքիս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է։ Ես ձեր կողքին եմ։ Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան։ Այդ ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին»,- ասել է նախագահը։

Նախագահը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ լավ գիտի, թե դա ինչպիսի օրենք է։ Զուրաբիշվիլին նաև վերահաստատել է իր վետո դնելու խոստումը։