Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ «ռազմական բեռների փոխադրման» վերաբերյալ։

Այս անգամ ադրբեջանական գերատեսչությունն էլ ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ մարտի 7-ին ռուսական խաղաղապահ զորախումբը օրվա ընթացքում իբր ուղեկցել է «Հայաստանի զինված ուժերի ռազմական մեքենաները եւ հայկական անօրինական զինված կազմավորումները Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու» գրունտային ճանապարհով»։

Գերատեսչությունում հայտարարել են, որ Հայաստանից Ղարաբաղ «ռազմական բեռների» ուղեկցման փաստը արձանագրվել է Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների տեխնիկական հսկողության միջոցով։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից զենքի, զինամթերքի, ականների եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարումը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության եւ Եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում եւ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի քաղաքականության շարունակություն։ Եթե այդ գործողություններն անհապաղ չդադարեցվեն, ադրբեջանական կողմը հարկադրված կլինի դրանք կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,-ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Հայտարարության մեջ կրկին ասվում է պաշտոնական Բաքվի գիծը «Լաչինով անցնող ճանապարհին Ադրբեջանի կողմից համապատասխան անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»։