Երկիրը պետականությունից զրկելու համար նախևառաջ բանակն են քանդում․ չկա բանակ՝ չկա ինքնիշխանություն

Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, թե ինչպես են ՀՀ իշխանությունները նպատակային ու հետևողական քայլերով քանդում ժամանակին տարածաշրջանի ամենահզորի համբավ ունեցող ու արցախյան երկու պատերազմներում հաղթանակած հայոց բանակը, և դա ոչ թե նրանց անփույթ, ապիկար գործունեության հետևանք է, այլ հատուկ դիտավորություն։ Համենայնդեպս նրանց իշխանության գալու առաջին իսկ օրվանից բանակի դեմ իրականացված ոտնձգությունները, իբրև թե բարեփոխման ծրագրերը դա են վկայում, և այդ փաստերի դեմ որևէ մեկը չի կարող հակափաստարկներ ներկայացնել։ Նախորդ հրապարակման մեջ համեմատել էինք վերջին վեց տարիների ռազմական բյուջեն՝ նշելով, որ փաստացի խաղաղ ու պատերազմական տարիներին պաշտպանության նախարարությանը տրամադրած գումարները էականորեն չեն տարբերվել։

Ուշագրավ է, որ 2020 թ․ 400,3 մլրդ դրամ ցուցանիշը ռազմական դրությամբ պայմանավորված 93 մլն դրամ հատկացումի շնորհիվ է գոյացել, քանզի 2020 թվականի պաշտպանական ծախսերի համար հաստատվել էր 307,2 մլրդ դրամ բյուջե, որը 5,5%-ով քիչ էր 2019 թ․ համար հաստատված 324,4 մլրդ դրամ ցուցանիշից։ Հարկ է նշել նաև, որ 2018–2020 թթ․ ընթացքում, նույնիսկ պատերազմական 2020 թվականին, պաշտպանական ոլորտի ծախսերը թերակատարվել են՝ ի տարբերություն 2016 թվականի, որը նույնպես պատերազմական տարի էր։ 2016 թվականին բյուջեով հատկացված 217,4 մլրդ դրամի փոխարեն պաշտպանության ոլորտում 225,9 մլրդ դրամ է ծախսվել, բյուջեն կատարվել է 109,3 տոկոսով։ Ընդ որում, 2016 թվականին ոլորտին հատկացված գումարները նախորդ տարվա բյուջով հատկացված գումարը գերազանցել են գրեթե 14 տոկոսով։ Քառօրյա պատերազմից հետո՝ 2017 թվականին Հայաստանի ռազմական, պաշտպանական բյուջեն հասցվել է 296,4 մլրդ դրամի՝ 30 տոկոսով ավելի, քան նախորդ տարի՝ համալրելու մեր ռազմական կորուստները, վերականգնելու բանակը, թեև մարտական գործողություններն ընդամենը չորս օր էին ընթացել։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախը խայտառակ պարտության տարած իշխանությունները 2021 թվականի պաշտպանության բյուջեի գումարն ընդամենը 9,78 տոկոսով են ավելացրել, մինչդեռ մեր ռազմական, մարդկային կորուստներն անհամեմատելի մեծ էին՝ չհաշված այն հսկայական ռազմական ավարը, որ ընկել էր ադրբեջանցիների ձեռքը։

2020 թվականին պաշտպանության նախարարության բյուջեն շատ ավելի քիչ ցուցանիշով է ավելացել՝ 2,38 տոկոսով։ Վերը նշված թվական տվյալների մեջ 2017 թվականի պաշտպանական ոլորտին 296, 4 մլրդ դրամ հատկացումից, ըստ ֆինանսների նախարարության՝ 2018 թվականին հրապարակված նախորդ տարվա բյուջեի կատարողական հաշվետվության՝ 86,6 մլրդ դրամը՝ այն ժամանակվա միջին փոխարժեքով մոտ 180 մլն դոլար, Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկի գումարն է, որը տրամադրվել էր ռուսական արտադրության ռազմական նշանակության մատակարարումների համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից առաջ՝ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնությունը 200 մլն դոլարի վարկ տրամադրեց Հայաստանի Հանրապետությանը՝ ռուսական արտադրության, զենք, զինամթերք, սպառազինություն, ռազմական տեխնիկա գնելու նպատակով։ Համաձայնագիրը Երևանում կնքվել է հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստում։ Սպառազինությունը պիտի ձեռք բերվեր 2015-2017 թթ․, սպառազինության ցանկը կարող էր փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016 թ․ փետրվարի 10-ին։

Ի դեպ, Հայաստանը սպառազինությունը գնել է արտոնյալ պայմաններով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործող ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շնորհիվ։ Ինչպես ներկայացրել էինք նախորդ հոդվածում, 2018 թվականին ՀՀ նոր իշխանությունները պաշտպանության ոլորտում ընդունած բյուջեն թերակատարելուց զատ չեն օգտագործել նախորդ տարվա ռուսական վարկից մնացած 3, 3 մլրդ դրամը՝ ըստ 2018 թվականի բյուջեի կատարողականի մասին Ֆինանսների նախարարության հաշվետվության։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ռուսաստանի Դաշնությունից ռազմական ոլորտին տրամադրած նման աջակցությունը միակը չէ, բայց քանի որ նման մատակարարումները ռազմական գաղտնիք են, դրանք երբևէ չեն հանրայնացվել։ Բայց դրանց մասին խոսել է Ալիևը Հայաստանից որպես նվեր ստացած ռազմական ավարի արժեքը ներկայացնելով։ Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հզոր զինատեսակների՝ «Իսկանդեր-Մ», «Սմերչ», «Բուկ» և «C-300» հակաօդային պաշտպանության համակարգերի ցուցադրությունը։ Այս զինատեսակների առկայությունը Հայաստանում որոշակի հարցեր, իսկ ադրբեջանական կողմի մոտ զգուշավորություն ու հիստերիա առաջացրեց, մանավանդ որ այն ժամանակ արդեն հստակեցվել էր, որ ՌԴ-ը չի պատրաստվում Ադրբեջանին ևս ապահովել «Իսկանդեր» համակարգերով, քանի որ դրանք Հայաստանին տրվել էին տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն ապահովելու և Ռուսաստանի՝ տարածաշրջանում դիրքերը պահպանելու նկատառումով։ Ցավոք, ինչպես նշում են 44-օրյա պատերազմի մասնակից բարձրաստիճան սպաները՝ այդ զինատեսակները պատշաճորեն և ըստ նշանակության չկիրառվեցին թշնամու հարձակումը կասեցնելու համար, ինչն էլ նաև նպաստեց պատերազմի՝ մեզ համար ցավալի ելքին։

Պատերազմի ելքի վրա բացասական ազդեցություն ունեցավ նաև նախկին իշխանությունների կողմից Հայաստանի պաշտպանության ամրապնդման համար նախատեսված ծրագրերի բովանդակային փոփոխությունը։ Իր հարցազրույցներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելով, իրենք հաստատեցին 2018-2024 թվականների համար զինված ուժերի զարգացման պլանը, որով նախատեսվում էին փոփոխություններ Զինված ուժերում։ Այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց  ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան, որը կյանքի կոչելու համար 1, 300 մլրդ դոլարի ծախս էր հաշվարկվել։ Այդ գումարից 500 մլն-ից ավելին հատկացված էր ավիացիայի, ՀՕՊ համակարգերի և հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերի կատարելագործմանը և ձեռքբերմանը: Մինչև 2024 թվականը պետք է 2500 անօդաչու թռչող սարք գնվեր Հայաստանի պաշտպանության համար: Բայց գունավոր հեղափոխություն իրականացրած քպ-ականները, գալով իշխանության, առաջին հերթին լծվեցին այդ պլանը փոխելու գործին։ Մտածելու տեղիք չի՞ տալիս արդյոք, որ 2016 թվականի փառահեղ շքերթից հետո, երբ ադրբեջանցիները խուճապահար էին եղել ՀՀ բանակի ռազմական տեխնիկայի ցուցադրությունից, նոր իշխանությունները որոշեցին հենց այդ բանակի սպառազինությունը համալրելու պլանը վերանայել՝ ոչ հօգուտ մեր պետության։ Հենց այդ փոխված պլանով էր Հայաստանը Ռուսաստանից ՍՈՒ-30-ներ ձեռք բերել, որոնք պարզապես ջարդոն էին, քանի որ թերի գնման հետևանքով կիրառելի չէին պատերազմի ժամանակ։ Ի դեպ, որևէ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ երբևէ խոսք գնացած լինի հայկական բանակի թռչող սարքերի կիրառության մասին։ Ես ևս չեմ հիշում, բոլորիս շուրթերին միայն թուրքական բայրաքթարներն էին ու իսրայելական անօդաչու թռչող սարքերը։

Թագուհի Ասլանյան