Սա անում ենք ոչ թե Մոսկվայի հետ մրցելու, այլ հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով․ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին՝ ցավակցություն հայտնելով տուժածների ընտանիքներին։

Ամերիկացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ։

«Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Ինչպես պետքարտուղարն է նշել, ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հարցում»,-ասել է նա։

Նեդ Փրայսը նաև ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունն ու քննարկումը կողմերի միջև բացարձակ անհրաժեշտություն է, ինչը պարտադիր է հենց կողմերի համար։

«2 երկրների համար էլ գործընկեր ենք եղել՝ նպաստելով եռակողմ հանդիպումներին ԱԳ նախարարների և առաջնորդների մակարդակով։ Մենք պատրաստ ենք երկկողմ, եռակողմ և բազմակողմ աջակցություն ցուցաբերել՝ շարունակելով գործընկերոջ մեր դերը տևական խաղաղության հաստատման հարցում ջանքեր ներդնելով։

Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ Մենք փաստացի միջնորդ էլ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար»,-ասել է նա։

Նա նաև կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն խոսքով ու գործով ցույց է տվել, որ կարող է մոտեցնել 2 երկրներին, հավելյալ առաջընթաց արձանագրել Հայաստան-Ադրբեջանի հարաբերություններում։

«Սա չենք անում որպես միջոց՝ Մոսկվայի հետ մրցելու։ Սա անում ենք համաձայնություն կայացնելու և 2 երկրների հարատև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– եզրափակել է Նեդ Փրայսը։