ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրումից հետո Մոսկվան լուրջ մտահոգություն է հայտնում և կողմերին զսպվածության ու դեէսկալացիայի քայլերի կոչ է անում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են գրանցվել. մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մարդկային զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածության և դեէսկալացիայի քայլերի, ինչպես նաև հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին դրույթների պահպանման անհրաժեշտությունը։

«Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի հրամայականը՝ շուտափույթ վերադառնալու բանակցություններին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում, այդ թվում նրանց, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։