Հայաստանի թրքահպատակ իշխանությունն այսօր սպասարկում է բոլորի շահը` բացի հայկականից. ՀՀ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է

Հայաստանի ներկայիս թրքահպատակ վարչախմբի կողմից քննադատվող «նախկինների» օրոք Հայաստանը վարում էր արժանապատիվ, հավասարակշռված, ճկուն արտաքին քաղաքականություն` հիմնված ազգային, պետական շահի վրա: Մինչ 2018-ի աղետալի իշխանափոխությունը հայկական քաղաքականությունը խարսխած էր մի կողմից, ռազմավարական դաշնակցի` ՌԴ հետ ամուր դաշնակցային հարաբերությունների, շահերի փոխադարձ հարգման վրա, մյուս կողմից ձևավորում էր վստահելի հարաբերություններ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ` Վաշինգտոն, Փարիզ, Թեհրան, Պեկին, Բրյուսել` ԵՄ:

Բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացմամբ՝ Սերժ Սարգսյանին հաջողվել էր իր նախագահության տարիներին ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, և, առհասարակ, աշխարհում:

Արևմտյան երկրների ղեկավարներն իրենց այցերի ժամանակ շեշտում էին, թե Հայաստանը լինելով փոքր երկիր, ունի շատ կարևոր նշանակություն աշխարհում, որ Հայաստանն Արևելքն Արևմուտքին կապող կամուրջ է, իր յուրահատուկ՝ պատմական, աշխարհագրական և քաղաքական դիրքով կարող է կամրջել Եվրոպական միությունը, Ռուսաստանը և այլ Եվրասիական երկրներ: Հիշեցի, 2017-ին Երևան այցելած Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի ելույթը, որտեղ նա հիշատակելով Ջորջ Բայրոնի խոսքը, ասաց, թե Ավետարանն է վկայում, որ դրախտը Հայաստանում է գտնվում: Ապա հավելեց. «Թող աստվածաբանները խոսեն ՀՀ-ի դրախտային պայմանների մասին, բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ դեր է կատարել Հայաստանը քրիստոնեության պատմության մեջ»:

Այսպիսին էր Հայաստանի վարկն աշխարհում` արժանապատիվ, քրիստոնեական: Իսկ այդ ամենն արդյունք էր նվիրյալների, պրոֆեսիոնալների դիվանագիտական տքնաջան աշխատանքի:

Նախկին իշխանությունների օրոք, ի պաշտպանություն հայկական շահի, օգտագործվում էին հնարավոր բոլոր գործիքակազմերը` հայկական Սփյուռքի ներուժը, հայկական լոբբին, Հայոց Առաքելական սուրբ Եկեղեցու մեծագույն դերակատարությունը: Դիվանագիտական հարթության մեջ մեր երկիրը դիրքավորվել էր այնպես, որ լինի հնարավորինս քիչ խոցելի և մարտահրավերներին արդյունավետ դիմակայող:

ՀՀ նախկին իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում էր, որ աշխարհի հզորները` հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, վստահում էին Հայաստանի ղեկավարներին, հաշվի նստում հայկական դիրքորոշումների հետ, հարգում հայկական շահը:

Հայաստանը տարածաշրջանային լուրջ գործոն էր` հաղթանակած հայկական բանակով, հայկական երկրորդ Հանրապետությամբ` ազատագրված Արցախով:

Մեր երկրի դիվանագիտական ու ռազմական լրջագույն ձեռքբերումները սակայն, հանգիստ չէին տալիս թշնամիներին: Եվ 2018-ին մեջտեղ բերվեց հայկական երկու պետականությունների առաջընթացը կասեցնող սցենար: Գործի դրվեց երկիրը ներսից քանդելու «տրոյական ձիու» հայտնի տեխնոլոգիան:

2018-ի իշխանափոխությամբ Հայաստանի ղեկը զավթած օտարերկրյա սպասարկուներն իրենց հռչակած «Նոր Հայաստան»-ում սկսեցին հետևողականորեն ավերել տասնամյակներով ստեղծածը բոլոր ոլորտներում` ներքին կյանքից մինչև արտաքին քաղաքականություն: Ձախողումները կայծակնային արագությամբ հաջորդեցին մեկը մյուսին: Եվ «Նոր Հայաստանը» մտավ պարտությունների ու ազգային նվաստացման հորձանուտ:

Անցած 4 ու կես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունեցել լրջագույն տեղաշարժեր՝ երկրի համար կործարար հետևանքներով: Հայաստանի դրածո իշխանությունը որդեգրել է դաշնակից, բարեկամ պետությունների հետ հարաբերությունների խզման քաղաքականություն: Փաշինյանի խամաճիկ կառավարությունը համառորեն ոչնչացնում է տասնամյակներով ձևավորած ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, միաժամանակ գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի ու Չինաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություններն իջեցվել են վասալային մակարդակի:

ՋՈՆ ԲՈԼԹՈՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ ԹՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Նախկինում երբևէ ամերիկյան կողմը հարցականի տակ չի դրել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային համագործակցությունը: ԱՄՆ-ը նաև ըմբռնումով մոտեցավ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, ինչպես նաև նրբանկատություն էր ցուցաբերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հարցում: Եվ սա նախկինների կողմից իրականացված արդյունավետ քաղաքականության հետևանք էր: Սակայն աղետալի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվեցին ամերիկյան մոտեցումները. դրանք գործընկերային, փոխադարձ շահերի ընկալման հարթությունից տեղափոխվեցին վասալային հարաբերությունների դաշտ, որտեղ հրահանգչի դեր ստանձնած ԱՄՆ-ը բացահայտորեն անտեսեց Հայաստանի պետական շահերը:

Հատկանշական էր 2018 -ի հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երևան: Փակ դռների հետևում թե ի՞նչ էին խոսել Փաշինյանն ու Բոլթոնը` մնաց գաղտնիք: Բայց վերջինիս հրապարակային արտահայտությունը` «պատմական կարծրատիպերից ազատվելու» մասին, հնչեց որպես ահազանգ, որ աղետալի ժամանակներ են սպասում Հայաստանին ու հայ ժողովրդին: Բոլթոնի ցուցումը «քայլարածներին» փաստեց այն մասին, որ հանձին նրա, ինչպես նաև ՀՀ-ում ամերիկյան դեսպանների` գործ ենք ունենալու ՀՀ վարչապետի խորհրդականների ու հուշարարների հետ: Եվ դա այդպես է առ այսօր:

«Ազատվեք պատմական կարծրատիպերից» բոլթոնյան հակահայկական հրահանգի վրա էլ խարսխվեց Փաշինյանի խամաճիկային կառավարության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Ներքին կյանքում այդ պատվերը վերաբերում էր հայ ավանդական ընտանիքի քանդմանը, Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, իսկ արտաքին հարաբերություններում դա նշանակում էր հրաժարում Արցախի ինքնորոշման ազգային գաղափարից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, պահանջատիրությունից: Բոլթոնի պատվերի համաձայն, քպ-ական վարչախումբը արշավ սկսեց ազգային արժեքների, Հայոց Եկեղեցու, ազգային կրթության դեմ, արցախյան ազատագրական պայքարը ստվերվեց, հերոսները համարվեցին «հանուն ոչնչի զոհվածներ», սկսվեց այլասերվածների` լգբտ շահերի պաշտպանության նոր փուլ:

Աշխարհաքաղաքական հարթության մեջ Բոլթոնը հեղափոխական-խամաճիկներին հրահանգել էր փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը` տարածաշրջանից դուրս մղել ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` ռուսական 102-րդ ռազմաբազայով հանդերձ, Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ անվտանգային համակարգից, սառեցնել հարաբերությունները հարևան, բարեկամ երկրի` Իրան հետ: Փոխարենը, նոր հարաբերություններ սկսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ի նպաստ Ադրբեջանի լուծել Արցախյան հիմնահարցը:

Եվ այսօր, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» հիման վրա շարունակվում է Հայաստանն իր բնական դաշնակիցներից պոկելու գործընթացը, ինչի համար հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը շատ ծանր, արյունոտ գին են վճարում…

Հիշենք, որ բոլթոնյան ցուցումին հարազատ, Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուն պես անցավ ՀԱՊԿ վարկաբեկման գործին. Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնից վաղաժամ հետ կանչելը` առանց ՌԴ հետ համաձայնության, անհարգալից վերաբերմունքն էր թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ կառույցի առանցքային պետության` ՌԴ հանդեպ:

Վարվող քաղաքականության հետևանքով ներկայում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են սուր ճգնաժամի փուլում: Երբեք հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները մեկմեկու հետ այնպիսի բառապաշարով չեն խոսել, ինչպես այսօր է: Ռուսաստանի հասցեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԽՔ-ի ցինիկ, վիրավորական արտահայտությունները վերջին շրջանում արժանանում են նաև ռուսական կողմի կոշտ հակադարձումներին, դրանք մենք լսում ենք ՌԴ ԱԳ նախարարի, ԱԳ ներկայացուցչի, ՌԴ նախագահի մամուլի խոսնակի շուրթերից: Արվում է հնարավորը՝ ՀՀ-ում հակառուսականություն տարածելու գործում, մի բան, ինչը չի բխում հայ ժողովրդի շահերից: Իսկ իրավիճակից հրաշալիորեն օգտվում են թշնամական երկու պետությունները:

ԻՐԱՆՈՒՄ ԼԱՎ ԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ՈՒԺ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մինչև 2018-ը ՀՀ իշխանությանը հաջողվել էր հայ-իրանական հարաբերություններում հանդարտ ընթացք ապահովել` գտնելով ոսկե միջինը, այն է` և՛ պահպանել միջազգային իրավունքի պահանջները, և՛ ակտիվ համագործակցել Իրանի հետ: Հատուկ պիտի շեշտեմ, որ շնորհիվ հայկական դիվանագիտության համառ ջանքերի՝ հայ-իրանական համագործակցությանը ըմբռնումով էր վերաբերվում ԱՄՆ-ը` գիտակցելով Հայաստանի կենսական շահերը:

Իրավիճակը փոխվեց չարաբաստիկ իշխանափոխությունից հետո: Արևմուտքի ձեռքերը բացվեցին ու «Նոր Հայաստանի» առաջ ԱՄՆ-ը տիրոջ իրավունքով պահանջ դրեց` վերանայել հայ-իրանական հարաբերությունները: Ջոն Բոլթոնը, որը հայտնի է որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, Երևանում հայտարարեց, թե ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, ու այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի: Հայաստանի տարածքից հակաիրանական նման հայտարարության հնչեցումը վկայում էր այն մասին, որ ԱՄՆ-ը նպատակ ունի սեղմել օղակը Իրանի շուրջ, իսկ ՀՀ տարածքն օգտագործել իր ծրագրի իրականացման համար:

Հիշենք, թե ինչպես Փաշինյանն ու իր խմբակը, թևքերը քշտած, իրար հետևից հանդես եկան հակաիրանական հայտարարություններով: Նախ, Փաշինյանն ակնարկեց Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Հետո իշխանական մի պատգամավոր, ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից Իրանի հասցեին հնչեցրեց վիրավորական արտահայտություն, թե Իրանը ավտորիտար երկիր է: Այսինքն, Արևմուտքի կամակատարներն իրենց տերերի հրահանգին հլու-հնազանդ դիրքավորվեցին հակաիրանական դաշտում` Հայաստանի շահերը մի կողմ թողած:

Ի դեպ, ամենևին պատահական չէր, որ Երևան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր ելույթի ժամանակ կանգնել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի դիմաց, արտաբերելով հետևյալ խոսքերը. «Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»…

ՀՀ իշխանության հակաիրանական կեցվածքն անհետևանք չմնաց. Իրանի հոգևոր առաջնորդի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցում հրապարակվեց ՀՀ իշխանության իրական դեմքն ի ցույց դնող հոդված, որում բացահայտորեն ասվեց, որ Հայաստանում իշխանության են բերվել Արևմուտքի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի շահերը սպասարկող ղեկավարներ, նրանց կողմից վարվում է հակահայկական և հակաիրանական քաղաքականություն:

Անցած մեկ տարվա ընթացքում Իրանը փորձել է քաղաքական, տնտեսական, ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները ավելի զարգացնել, սակայն հայկական կողմը` Արևմուտքով կաշկանդված, շարունակում է համարժեք չարձագանքել Իրան առաջարկներին: Այդպես անարձագանք մնաց նաև 2 զորավարժությունների իրանական առաջարկը, որ պետք է անցկացվեին Իրանի հետ Սյունիքում։ Այն կլիներ Ադրբեջանի ձեռքերը կապող, զսպող հանգամանքը: Բայց Փաշինյանի իշխանությունը անպատասխան թողեց Իրանի առաջարկը, ինչպես մերժել էր ՀՀ տարածում զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ առաջարկը:

Այսպիսով, ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է:

Փաշինյանն իր ելույթներից մեկում խոստովանել էր․ «Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորկի հորձանուտում»: Իհարկե, իրեն բնորոշ ոճով, ողբերգական իրողությունը փորձել մեկնաբանել այսպես, թե ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորկի հորձանուտում: Սա, իհարկե, մանիպուլյացիա է, ինչին նա վարպետորեն տիրապետում է: Իսկ իրականությունն այս է` քանի դեռ Հայաստան պետության ղեկն օտարին սպասարկող թրքահպատակ խմբակի ձեռքում է, մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը բնավ չի բխելու հայ ժողովրդի շահերից, այլ կծառայեցվի ի նպաստ այն ուժային կենտրոնների ու պետությունների, որոնց գումարներով ու ներդրված տեխնոլոգիաներով սրանք 2018-ին բերվեցին իշխանության:

Արմինե Սիմոնյան