Չէի կարող չլսել նրա ճիշտ դիտողությունը․․․ հուշեր առաջին տիկնոջ մասին

Այսօր լուսահոգի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Կին, ով  կանացիության խորհրդանիշ է, պոզիտիվ ու վառ անհատականություն։ Ռիտա Սարգսյանի մասին հնարավոր չէ խոսել անցյալով, որովհետև նա ապրում է մեզ հետ, մեր կողքին՝ իր պարզ ու վճիտ ժպիտով, անմիջականությամբ և բոլորին օգնելու պատրաստակամությամբ։

Գաղտնիք չէ, որ առաջին տիկինն առանձնանում էր հատկապես երեխաների հանդեպ մեծ սիրով։ Գուցե դա էր պատճառը, որ նա ջանք ու եռանդ չէր խնայում օգնելու հայ ընտանիքներին, հայ կանանց՝ զգալու մայրության բերկրանքը։ Ռիտա Սարգսյանի հասարակական գործնեությունն ու դրա արդյունավետությունը անհերքելի է:

Ես պատիվ և առիթ ունեցել եմ շփվել և աշխատել լուսահոգի, օրինակելի տիկնոջ հետ, ով իրավամբ լույս էր ճառագում իր ներկայությամբ։ Շատ կարելի է խոսել նրա տեսակի մասին, բայց կպատմեմ միայն մի դրվագ։

2011թվականն էր։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ տոնախմբություն էր կազմակերպել աշխատակազմի 20-ամյակի կապակցությամբ։ Հավաքվել էին ինչպես ողջ աշխատակազմը, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Ցնծում էին բոլորը, քանզի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից վստահ էր, որ իր ներդրումն ունի աշխատակազմի կայացման և գործունեության մեջ։ Իսկ այդ վստահությունը մեզ ներշնչում էր նախագահն իր վերաբերմունքով և շնորհակալական խոսքով։

Բայց կար մեկը, ով տարբերվում էր բոլորիցս՝ իր հմայքով և անմիջականությամբ, նա կարծես երեկույթի շարժիչ ուժը լիներ, ով պաշտոնական միջավայրը վերածել էր ջերմ ընտանեկան մթնոլորտի, որտեղ հավաքված էին ընտանիքի անդամներ և նշում էին իրենց համատեղ աշխատանքի և կայացած կառույցի գործունեության 20-րդ տարեդարձը։

Անկեղծ ասած, ես մի տեսակ կաշկանդված և լարված էի։ Ու հանկարծ մի նուրբ ձեռք հպվեց ինձ և սեղանից վեր հանեց հետևյալ խոսքերով՝ «սիրունս, այսօր ուրախ օր  է, վեր կաց պարենք»։ Ակամայից վեր թռա տեղիցս՝ զարմանքն ու հիացմունքը դեմքիս դրոշմված։ Առաջին տիկինն էր, մեր սիրելի տիկին Ռիտան։ Իհարկե, չէի կարող չլսել նրա ճիշտ դիտողությունը, չէ՞ որ այդ օրը կազմակերպված էր հենց մեզ համար, մեզ ուրախություն պարգևելու համար և տեղին չէր կաշկանդվածությունը։

Այո, այսպիսին էր տիկին Ռիտան, և վստահ եմ, որ այժմ էլ երկնային արքայությունում նա նույնն է, ինչ երկրի վրա։

Աստված հոգիդ լուսավորի, մեր սիրելի տիկին Ռիտա։

Ժաննա Ծառուկյան