Թեհրանում կայացել են ԱԷՄԳ-ի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարների բանակցությունները

Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին կարևոր բանակցություններ են վարել, տեղեկացրել է Mehr-ը։

Նշվել է, որ Գրոսին Թեհրան է մեկնել ուրբաթ, որպեսզի բանակցի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանակցությունների օրակարգում միջուկային տեխնիկական հարցեր են։

Իր երկօրյա այցի ընթացքում միջազգային գերատեսչության ղեկավարը պետք է բանակցի նաև ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Գրոսիին օդանավակայանում դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին, այնուհետև նա շտապել է հանդիպման Իրանի ատոմային էներգիայի գերատեսչության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ։

Նրանց զրույցի մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Սա Գրոսիի չորրորդ այցն է Իրան 2019թ. դեկտեմբերին ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, և այցը նախորդել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի երկուշաբթի օրվա նիստին։

Իրանը և ԱԷՄԳ-ը տարակարծիք են մի շարք հարցերում, որոնք վերաբերում են երկրի միջուկային գործունեությանը։ Եռամսյակային կոնֆիդենցիալ հաշվետվությունում ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմինը տեղեկացրել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտ հունվարի 22-ին կատարված տեսչական այցի ժամանակ հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնք հարստացված են եղել 83,7 տոկոսով։

Էսլամին հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունում «որևէ շեղում» չի եղել։

Գրոսիի այցը կարող է օգնել դուրս գալ 2015թ. միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին բանակցությունների փակուղուց։