Կրկին երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին

4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Այս մասին մարտի 4-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), գրում է «Իզվեստիա»-ն։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 03:03-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ սիրիական սահմանի մոտ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը, իսկ Սիրիայում զոհվել է ավելի քան 5800 մարդ։

Դրանից հետո տարածաշրջանում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել, սակայն ավելի ցածր ուժգնությամբ։