Հունաստանում գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 57-ի

Հունաստանում, Լարիսա քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ուղևորատար և բեռնատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 57 մարդու, գրել է Protothema պորտալը։

«Հաստատված զոհերի թիվը, որոնք ներկա պահին հանվել են ուղևորատար գնացքի բեկորների տակից, կազմում է 57 մարդ»,- նշվել է հաղորդագրությունում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 48 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, վեց հոգի վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկացվել է նաև 56 անհետ կորածի մասին։

Ընթանում է զոհվածների ինքնությունը պարզելու գործընթաց։ Փրկարարական աշխատանքները վթարի վայրում շարունակվում են։

Բեռնատար և ուղևորատար գնացքները մարտի 1-ի գիշերը բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Թեմպի փոքրիկ քաղաքում։ Բախման հետևանքով հրդեհ է սկսվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։