Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:
«Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասաց Փաշինյանը։- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։

Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով` հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։

Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը։