«Արցախը՝ լափամանի դիմաց»․ Բոզկուրտներին ծառայող մանկուրտները․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իմ կողմից հրապարակված փաստաթղթի առիթով (Փաստաթուղթը այստեղ) իշխանությունը սկզբում «բեմ նետեց» երկրորդ էշելոնը, ապա գործի դրվեցին հատուկ հանձնարարություններով անբարո բաներ կատարող մարդիկ, այնուհետ ինձ փորձեց պատասխանել Ալեն Սիմոնյան կոչվող «ոչ մի բանը», նաև՝ սեփական հողը ուրացած ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

* Հուշում՝ Նիկոլի և նիկոլական ֆեյքերի արանքում ՔՊ-ական ամբողջ աղբը էշելոն է, որոնց բանաձևը մեկն է ՝ «Արցախ լափամանի դիմաց»:

Փաստենք, որ վերոնշյալ իշխանական վայրահաչողներից և ոչ մեկը չունեցավ լկտիություն հերքելու այդ փաստաթուղթը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Բեռլին և հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ.

* Հարց, ՀՀ և ԳԴՀ ղեկավարների հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, ըստ ձեզ,

  1. օգտագործվե՞լ է արդյոք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ձևակերպումը,
  2. եթե օգտագործվել է, ապա ղեկավարներից ո՞վ է օգտագործել այդ ձևակերպումը:

Պատասխան՝ այո, Փաշինյանի և Շոլցի ասուլիսի ժամանակ օգտագործվել է այդ տերմինը, բայց այն օգտագործել է ոչ թե հայ ժողովրդին ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, այլ ՝ Գերմանիայի կանցլերը:

Շնորհակալություն պարոն Շոլցին այդ ձևակերպումը միջազգային հասարակական, հանրային խոսույթ վերադարձնելու և հնչեցնելու համար:

Դաս իսթ Ֆանթասթիշ:

Միակ տեղը Բեռլինում, որտեղ կարելի է ուղարկել Նիկոլ Փաշինյանին ու չամաչել՝ բեռլինյան «գազանանոցն» է, որտեղ նա մեզ բարձր մակարդակով կներկայացնի:

Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ասուլիսի ժամանակ հաստատեց իմ ՝ սույն թվականի փետրվարի 22-ի ուղիղ եթերում հնչեցրած տեղեկությունն առ այն, որ միջազգային հարթակներում շատ կարևոր եվրոպական գործիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ներկա են եղել նաև հայ ընդդիմադիր գործիչներ, որպեսզի ցույց տան, թե խրոխտ տղերք են՝ ՔՊ-ականները խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքից, որն իրականում, իրենց «ֆեյխոային» չի:

Ի պատասխան նրանց ասվել է ՝ WTF` ձեր վարչապետը համաձայնել է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչ ինքնորոշման իրավունքից եք խոսում:

(Ուղիղ եթերն ամբողջությամբ՝ այստեղ )

Բոզկուրտներին ծառայող մանկուրտները՝ հիշողությունը կորցրած, Չինգիզ Այթմատովի նույնանուն վեպի հերոսի օրինակով ուրացած մարդիկ:

* Բոզկուրտ նշանակում է թուրքերեն գորշ գայլ, որը ծայրահեղ հակահայկական, ազգայնական կառույց է Թուրքիայում:

Էդմոն Մարուքյանը, ում հետ անցկացված ամեն ժամի համար, հաց կիսելու համար ափսոսում եմ, ասում է՝ Ա. Աշոտյանը թող ասի ու՞մ կազմում է եղել Արցախը 30 տարի:

Մարուքյանը մոռացե՞լ է, որ Արցախը եղել է աշխարհի կողմից չճանաչված, բայց անկախ պետություն, ինչը նաև իր գրառումներում ու հանրային խոսքում նշել է հենց ինքը ՝ էդմոն Մարուքյանը, (օրինակ՝ 2014թ. սեպտեմբերի 2՝ Անկախ Արցախից սովորելու շատ բան ունենք):

Հիմա մի երկու կոպեկի համար արժի՞ ամեն բան գցել զուգարանակոնքն ու հայտնվել այդ ամբողջ պարունակությամբ ժամանակի ու պատմության արտաթորման խողովակաշարերում:

«Այդ ի՞նչ «Մադրիդյան սկզբունքներ» են, որ «ջուրը» տվեցի՞ք Արցախի հանրաքվեն» ասող Մարուքյանին հիշեցնենք, որ իր կուսակցությունն աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահության ինստիտուտին. իսկ ինչո՞վ է աշխարհում հայտնի ՄԽ-ն, եթե ոչ այդ սկզբունքներով. երևի Բեյոնսեի վերջին ալբոմի բառե՞րն է գրել, կամ Ավատարի նոր սցենարի՞ստն է:

Ըստ Մարուքյանի՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է ինքնորոշման իրավունքը, ստացվում է, որ տարածքային պահանջ է բարձրացնում:

Կարդացեք ԼՀԿ 2021 թվականի ծրագիրը, որը տեղադրում եմ մեկնաբանություններում, որպեսզի հասկանաք՝ սեփական կուսակցության ծրագրում գրած կետերն ինչպես են հակազդում այն գրողի՝ Մարուքյանի հայտարարություններին:

Գրավիչ կեղտ է ՝ «լուծող էիք, լուծեիք Արցախի հարցը» թեզը:

Ասես այդ մարդկանց համար Արցախի հարցը «կանալիզացիոն» խողովակ է, կամ չաշխատող արդուկ:

Այն նույն Մարուքյան էդմոնը, որ 2020-ի ապրիլի 2-ի իր գրառմամբ (գրառումը ՝ մեկնաբանությունում) ապրիլյան քառօրյան նկարագրում էր որպես հաղթանակ, իր հարցազրույցում հիմա ասում է ՝ դա ինչ հաղթանակ էր:

Ես թաքնվող չեմ, ինձ ամեն պայքարում տեսնելու եք առաջին շարքերում:

Ավելի լավ է կռվելով դառնամ մոխիր, քան ոմանց նման ժամկետանց փոշի, «կեղտ»:

Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները՝ «ճպցրեք» դա բոլորի դեմքին, լինեն տեռորիստական խմբավորում մեր էպոսի անվան տակ թաքնված, թե՝ Նիկոլի փեշերի մեջ ծվարած ոջիլ:

Ապրիլյանից հետո Վիեննա Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն է առաջ տարել իր պահանջները. դա աներկբա ճշմարտություն է:

Նիկոլական սպասարկիչները հրամցնում են հետևյալ բանաձևը, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն ընթանալու է միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո:

Ի՞նչ է «միջազգային տեսանելի մեխանիզմը»՝ նոր «կուտ», մարկետինգային հնարք, որի անվան տակ վաճառելու են որդնած մակարոն, որդնած գրեչկա, որի անվան տակ Ստեփանակերտը մտցնելու են Բաքվի «տակ»: