Կառավարության որոշմամբ կքանդվեն ճանապարհամերձ գոտիներում կառուցված խաչքարերի, հուշաքարերի և խաչերի մի մասը

Գործադիրը նախատեսում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Արդյունքում՝ կհստակեցվեն այդ աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ որոշումը վերաբերվում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին: Ըստ կոմիտեի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգում հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները: «Դրա հետևանքով հանրապետության ողջ տարածքում առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական, անվտանգային կանոնները: Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է լրացում կատարել թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող կառավարության 2015 թվականի 596 որոշման մեջ: Այսպիսով, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, միջին կատեգորիա, որոնց համար փորձաքննության համար անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը: Կանոնակարգվում են աշխատանքները և ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանող պահանջները և ընթացակարգերը: Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգ, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ճանապարհների համար 30 մետր գոտիներում հատուկ նշանակության և հատուկ պահպանման գոտիներում: Ինչպես նաև, եթե բնության մեջ տեղադրվող, կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, ապա անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն իր հերթին կհամաձայնեցվի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի, շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ մշակվել է և առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում խստացումների վերաբերյալ որոշակի առաջարկությունների փաթեթ:

Ինչ վերաբերում է արդեն առկա օբյեկտներին, ապա ըստ Արմեն Ղուլարյանի, վերջիններս հանդիսանալու են որպես ինքնակամ կառույցներ, որոնց նկատմամբ գործելու է ինքնակամ շինությունների հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական պահանջները: