ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ի վիճակի չեն պետական հեղաշրջում կազմակերպել Ռուսաստանում. Բրիտանիայի նախկին արտգործնախարարը

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ի վիճակի չեն պետական հեղաշրջում կազմակերպել Ռուսաստանում, խոստովանել է Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ուիլյամ Հեյգը պրանկերներ Վովանին և Լեքսուսին՝ կարծելով, թե խոսում է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։

«Հաշվի առնելով պետական վերահսկողության ողջ աշխատակազմը՝ շատ դժվար է դրսից նպաստել դրան։ Նախկինում որոշ պետություններում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կարողացան հաջողության հասնել և փոխել իշխանությունը դրսից, բայց դա, որպես կանոն, տեղի էր ունենում ավելի թույլ և փոքր երկրներում: Ռուսաստանում դա անհնար է անել», – Հեյգի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լորդերի պալատի անդամը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար եղած ժամանակ այցելել է Մոսկվա և հանդիպել «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ, սակայն Արևմուտքի կողմից նրանց ցանկացած աջակցություն, որն ուղղված է իշխանափոխությանը, Ռուսաստանի կողմից գնահատվել է որպես դավադրություն և ագրեսիա:

«Դա պետք է լինի հենց Ռուսաստանից, ներսից», – եզրափակել է նա։