Հայաստանի տարածքով Իրանի և Վրաստանի հաղորդակցության ենթակառուցվածքների ամբողջականացումը

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի նահանգապետը Հայաստանի տարածքով Իրանի և Վրաստանի հաղորդակցության ենթակառուցվածքի ամբողջականացումը համարելով այս երկրի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտություններից մեկը, ասել է. «Որպես առևտրային մայրուղիներից մեկը՝ այս ճանապարհի ակտիվացումը կարող է հեշտացնել երկու երկրների գործարարների շփումը և հիմք ստեղծել հետագա լայնածավալ հաղորդակցության համար»։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Աբեդին Խորամը, ներկայացնելով պողպատի արտադրության, մասերի պատրաստման, առևտրային մեքենաների արտադրության, ջերմոցային մշակման, սննդամթերքի, կենցաղային իրերի, և մասնագիտացված արդյունաբերական ավանների ոլորտներում նահանգի հնարավորությունները, ասել է. «Արևելյան Ատրպատականը բազմաթիվ արտադրական արդյունաբերություններում երկրի առաջատար նահանգներից է համարվում,որը կարող է բավարարել տարածաշրջանի և հարևան երկրների շուկաների հիմնական կարիքները»:

Նշելով, որ Արևելյան Ատրպատականն ունի հզոր մասնավոր հատված, նա հավելել է. «Թավրիզը փայլուն անցյալ ունի առևտրի ոլորտում, և եթե մենք կարողանանք ասպարեզ հանել մասնավոր հատվածը, իսկ պետական ​​հատվածը վերացնի խոչընդոտները, մենք արտաքին հաղորդակցության ոլորտում հիմնարար վերափոխման ականատեսը կլինենք»:

Անդրադառնալով Վրաստանի դիրքին և այս երկրի հնարավորություններին՝ Արևելյան Ատրպատականի նահանգապետը նշել է, որ Եվրոպային և ԱՊՀ երկրներին հասանելիություն ունենալու բերումով, այս երկրի հետ առևտրային հարաբերությունների և փոխանակումների զարգացումը նահանգի առաջնահերթություններից է։

Անդրադառնալով Վրաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքին և որոշ առավելություններին, այդ թվում արտոնյալ ազատ սակագներին և այս երկրում տարանցիկ միջանցքների առկայությանը, Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբն ասել է. «Վրաստանը կարող է լինել մեր երկրի գործարարների և ներդրողների համար շատ լավ թիրախային երկրներից մեկը»։