ՌԴ նախագահը պարգևատրել է Սթիվեն Սիգալին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի հանրահայտ դերասան Սթիվեն Սիգալին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարեկամության շքանշանով պարգևատրել ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ հումանիտար հարաբերությունների հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ֆրեդերիկ Սիգալին»,- ասված է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Պուտինը հրամանագիր է ստորագրել Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։

Դերասանի հորական պապը ծնվել է Ռուսաստանի մարզերից մեկում, ապա 20-րդ դարի առաջին կեսին տեղափոխվել ԱՄՆ։