Ի՞նչ է բովանդակում «Բանակցային առաջնագծում» գիրքը

Օրերս ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը համացանցի իր պաշտոնական էջում տեղադրեց «Բանակցային առաջնագծում» վերնագրով գրքից լուսանկարներ՝ տեղեկացնելով, որ սպասվող շնորհանդեսին հանգամանորեն կխոսեն գրքի մասին:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է բովանդակում գիրքը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը պատասխանեց, որ գրասենյակի նախաձեռնությամբ կազմված գիրքը ըստ տարիների համակարգված և ամփոփ ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և դրանից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթները, հայտարարությունները, ուղերձները, հոդվածները, հարցազրույցները: Ժողովածուն ներառում է նաև հավելվածներ, որոնք օգտակար կարող են լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:

Այսպիսի աշխատանքը, լինի դա գործող թե պաշտոնաթող ղեկավարների գործունեությունը ներկայացնող, ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի, կարևոր է՝ արխիվային նյութերը, փաստերը մեկտեղելու, համակարգելու և ներկայացնելու տեսանկյունից՝ որպես մեր պետության պատմության մի ժամանակահատված: Նրա հավաստմամբ, գրքի շնորհանդեսին, որը շուտով տեղի կունենա, մանրամասնորեն կներկայացվի նախաձեռնության նպատակը և ժողովածուի ամբողջական բովանդակությունը: