Փաշինյանը Արցախի ճակատագիրը հանձնում է բախտի, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի քմահաճույքին

Մյունխենյան համաժողովը վերջնական հաստատեց, որ գոյություն ունի երկու իրարից տարանջատ օրակարգ՝ հայ-ադրբեջանական՝ խաղաղության պայմանագիր, և արցախա-ադրբեջանական («ինչ ուզում եք արեք, բանակցեք, մենք մեր անվտանգությունը չենք կարողանում ապահովել, էլ ուր մնաց ձերը» սկզբունքով)։

Ինչքան էլ փորձեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գեղեցիկ, բարդ ստորադասական նախադասություններով համեմել այս ամենը, միևնույն է, իրականությունը մնում է անփոփոխոխ՝ հայաստանյան այս իշխանությունները Արցախի ճակատագիրը հանձնում են բախտի, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի քմահաճույքին։

Եվ օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակում է «Խաղաղության պայմանագրի բանակցությունները մեկնարկելու տարրեր» խորագիրը կրող փաստաթուղթը, որում սևով սպիտակի վրա գրված են այն մեխանիզմները, որոնցով պետք է Փաշինյանը սկուտեղի վրա պարեցնելով հանձնի Արցախը։

Հարկ է ընդգծել, որ Արմեն Աշոտյանը ամենայն պատասխանատվությամբ պնդում է, թե այս փաստաթուղթը իրական է, և իշխանությունները բանակցում են հենց այս սկզբունքների շուրջ՝ ի հեճուկս իշխանության ծանր հրետանու՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հակառակը պնդելու փորձերին, որոնք հրապարակավ ձախողվեցին։ Եվ իսկապես անհնար է հերքել անհերքելին։ Սա այն է, ինչի մասին արդեն մի քանի տարի խոսում են վերլուծաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները և պարզապես հայրենասեր, մտահոգ մարդիկ։ Եվ օր օրի ապացուցվում է այդ ցավալի իրողության ճշմարտացիությունը, հետևաբար ինչպես ԱԽՔ-ը, այնպես էլ ՔՊ այլ ներկայացուցիչներ չկարողացան լղոզված փաստարկներով հերքել վերոնշյալ փաստաթղթի իսկությունը։

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ խոսք անգամ չկա «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտային միավորի մասին և պարզապես նշված է Ղարաբաղի հայեր։ Ի դեպ այդ խոսույթով հանդես եկավ նաև Նիկոլ Փաշինյանը Մյունխենում։ Փաստորեն, ըստ փաստաթղթի՝ Հայաստանին հնարավորություն են ընձեռում պարզապես հրապարակային խնդրելու Ադրբեջանին, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվի, ինչն էլ արդեն իսկ անում է Նիկոլ Փաշինյանը։

Փաստաթղթի 3-րդ կետով խոսվում է կառուցողական երկխոսության մասին Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ։ Եվ այստեղ հետաքրքիր փաստ․ գաղտնիք չէ, որ Բաքուն ոչ մի կերպ չէր ընդունում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետության պետնախարար լինելու փաստը և տարբեր հարթակներից բարձրաձայնում էր Վարդանյանին պաշտոնից հեռացնելու իր պահանջը, այդ թվում նաև Մյունխենում՝ պանելային քննարկման ժամանակ։ Եվ ինչ տեղի ունեցավ Արցախում, այո, Ռուբեն Վարդանյանը նախագահի որոշմամբ հեռացվեց պետնախարարի պաշտոնից, որին հաջորդեց Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, իհարկե ներկայացվելով որպես աշխատանքային և ոչ թե երկխոսության մեկնարկի սկիզբ։ Հանդիպման ընթացքում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ձեռք են բերել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ (Բաքվի կողմից բարի կամքի դրսևորում)։ Ի դեպ օրերս ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել էր մերժել Հայաստանի՝ մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից՝ համարելով, որ «ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունները ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»։ Ստացվում է, որ միջազգային դատարանը բավարար հիմքեր չի տեսնում, բայց Ադրբեջանը հանձն է առնում այլևս անխափան ապահովել գազատարի անխափան աշխատանքը։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք․ 4-րդ կետի համաձայն՝ «Ադրբեջանն ու ԵՄ-ը կիրականացնեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերի շուրջ։ Ադրբեջանը կներառի նաև ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով Բարձր հանձնակատարին»։

Հստակ ուրվագծվում է մի պարզ իրողություն․ չկա այլևս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, չկա սուբյեկտայնություն, չկա ազգերի ինքնորոշման իրավունք, կա միայն փոխշահավետ գործարք, որտեղ Հայաստանն ու Արցախը հանդիսանում են ոչ թե գործարքի կողմեր, այլ պարզապես առաջարկվող շահավետ օբյեկտ, որը սիրով սկուտեղի վրա առաջարկում են Հայաստանի իշխանությունները։

 Ժաննա Ծառուկյան