Ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու և հասկանալու համար. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Վաղարշապատի համայնքապետարանը հերթական անգամ մասնակից է եղել Ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնին։ Համայնաքապետարանում ցուցադրվել է ռեժիսոր Յոշիտակա Յամագուչիի «Սամուրայ կատուն» ֆիլմը:  Ֆիլմի դիտմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին։

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ասել է, որ լինելով Էջմիածնի բարեկամը, ուրախ է ևս մեկ ոլորտում քաղաքի հետ ունենալ հաջողված փոխգործակցություն:

«Ճապոնիայի և  Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համար մեծ նշանակություն ունի փոխըմբռնման գործոնը: Վստահ եմ, որ ֆիլմերը հանդիսանում են փոխըմբռնման արդյունավետ գործիք: Ես ինքս աշխատում եմ դիտել հայկական ֆիլմեր՝ հայերի հոգին առավել լավ զգալու և հասկանալու համար»,- ընդգծել է դեսպանը։

Համայնքապետարանի հաղորդմամբ, ֆիլմերի 16-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Էջմիածնում փառատոնն անցկացվում է 2013 թվականից: