Կան մեխանիզմներ, որոնցով ԱՄՆ նահանգները կճանաչեն Արցախը, հետո հարցը կբարձրացվի ֆեդերալ մակարդակի (տեսանյութ)
30 տարիների ընթացքում Վաշինգտոնում հայ լոբբիստներն իրենց դրական ազդեցությունն ունեցել են հայկական հարցի և հայկական խնդիրների բարձրաձայնման և այդ ուղղությամբ գործընթացների ծավալման հարցում։ Ամենամեծ ձեռքբերումը թերևս 907-րդ բանաձևն է, որն արգելում է Ադրբեջանին որոշակի օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի շրջափակումը և ագրեսիա չի կիրառում Հայաստանի և Արցախի դեմ։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Արցախի հետ կապված երկրորդ կարևոր ձեռքբերումը Սուրեն Սարգսյանի ներկայացմամբ երկար տարիներ ԱՄՆ-ի բյուջեից Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունն է։ ԱՄՆ-ը Հայաստանից բացի՝ միակ երկիրն է, որը նման օգնություն է տրամադրում Արցախին, ինչը դե ֆակտո ճանաչման փաստ է։
Ձեռքբերում է նաև այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի կողմից գրանցված է որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների ներկայացուցչություն։
Ի՞նչ մեխանիզմներ ու գործիքներ կան ԱՄՆ-ի կողմից Արցախը ճանաչելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Արցախը ԱՄՆ-ի մոտ մեկ տասնյակ նահանգների կողմից ճանաչված է։ Նրա դիտարկմամբ՝ որ նահանգներում մեծ է հայկական համայնքը, այնքան մեծ է ազդեցությունը օրենսդիրների վրա։ Այս ազդեցության գործիքների կիրառմամբ՝ մենք կարողացել ենք առաջ մղել հայանպաստ շատ բանաձևեր, որոնք վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանը, Արցախի ճանաչմանը։ Կան բազմաթիվ մեխանիզմներ, որպեսզի ԱՄՆ առանձին նահանգների կողմից ճանաչվի Արցախի Հանրապետությունը, հետո հարցը բարձրացվի ֆեդերալ մակարդակի, անգամ եթե Վաշինգտոնում հայկական դեսպանատունը խանգարի այս գործընթացին։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կազմակերպվել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողով՝ նվիրված Արցախյան շարժման 35-րդ տարեդարձին, որն անցկացվելու է փետրվարի 24-ին և 25-ին։ Համաժողովը անցկացվում է Արցախյան հարցում հետաքրքրություն, ակտիվություն հանդես բերող, գործունեություն ծավալող հասարակական, քաղաքական կազմակերպությունների ու խմբերի մասնակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում