Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր պետք է քննության առարկա դառնար Նիկոլ Փաշինյանի դեմ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի քննությունը, որը, սակայն, հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Ցորի զորամասի՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները 2022թ ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք են ընդունել Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ինչի հետ համաձայն չեն տուժողները։ Նրանք պահանջում են հաղորդումն առանձին քննության առարկա դարձնել և անհապաղ հարուցել քրեական գործ և, ըստ այդմ, դատարան բողոք են ներկայացրել՝ դատախազության անգործության դեմ։ Նրանք դատական կարգով պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Բողոքն ի սկզբանե մակագրված է եղել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որն ավելի քան վեց ամիս չի քննել այն, իսկ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ Արղամանյանին և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, այսպես ասած, «կալանքի» դատարանի դատավորներին կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո գործը վերակամագրվել է և այժմ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր արդեն Վարդգես Սարգսյանի կազմով դատարանում պետք է քննվեր բողոքը, սակայն, ինչպես պարզվեց, դատարանը չէր ստացել բողոքի վերաբերյալ նյութերը, իսկ դատախազներ Արմեն Մուրադյանը և Արշակ Մարտիրոսյանը չէին ներկայացել այսօրվա նիստին: Ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը առաջարկեց բողոքի հիմքերը երկու անգամ չներկայացնելու համար նիստը հետաձգել՝ մինչև դատարանը կստանա և կծանոթանա նյութերին, իսկ դատախազներն էլ ներկա կգտնվեն հաջորդ նիստին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 30-ը՝ ժամը 11.00-ն: