Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու. Ավետիք Չալաբյան

«Այսօր մենք ապրում ենք մեր նորագույն պատմության դրամատիկ ժամանակաշրջանը:  35 տարվա պայքարից  ու մաքառումից, 15 հազարից ավելի մարտական կորուստներ տալուց, 2017 թվականին Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելուց հետո, մենք այսօր սարսափելի նահանջ ենք ապրում»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Տեղեկացնելով, որ գործող իշխանությունները միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել, բայց չեն ներկայացել՝ Չալաբյանը հայտնեց, որ վերջիններս այսօր պատրաստ են հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից:

«Պրահայում և Սոչիում արված հայտարարությունները դրա մասին են խոսում, նրանք փաստացի պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը, որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության իրավունքների խնդրի և բացահայտ դրա մասին խոսում են»,-ասաց Չալաբյանը:

Նրա խոսքով, իշխանությունները փորձում են բոլորին համոզել որ այլընտրանք չկա, քանի որ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է ՀՀ-ը, որ այն երկկողմանիորեն բաց է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները և վերջինիս ուժային գերակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի տարածքներ և սուվերենությունը:

«Մի պահային անբարենպաստ իրավիճակը չի կարող այսօր պատճառ հանդիսանալ, որ մենք հանձնվելով,  երկնչելով շրջենք պատմության մեր այս էջը և, ըստ էության, փակենք հայ ազգի պատմությունը, համակերպվենք նրա հետ, որ մենք չունենք ազգային ապագա»,-ասաց Չալաբյանը, նշելով, որ միջոցառման նպատակն այդ ուժերն ի մի բերելն է, մտավոր ներուժն իրար համադրելը։

Նա հայտարարեց, որ պայքարը չի դադարում:

«Պարզապես մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք այդ պայքարը շարունակելու համար: Արցախի համար պայքարը, պայքար չէ միայն Արցախի համար՝ այն պայքար է մեր լինելիության և տեսակի վերակերտման համար»,-ասաց Չալաբյանը: