Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան

Երբ մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, չպետք է մոռանանք, որ անկախության ձեռքբերման հիմքերից Արցախն արդեն իսկ գոյություն ունի որպես պետություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Քաղաքական գիտությունների մագիստրոս Բոննի համալսարանից, իրավաբան Վարդան Պողոսյանը:

«Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը ոչ միջազգային իրավունքում, ոչ ԽՍՀՄ իրավունքում, միևնույն է, պետությունը, երբ առաջանում է, դա պատմական փաստ է: Թե ինչ հիմքով է պետությունն առաջացել՝ հենվելով ինչ-որ իրավունքի վրա, թե քաղաքացիական պատերազմի միջոցով, թե հեղափոխության միջոցով, և այլն, դա երկրորդական է: Միջազգային իրավունքն ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ միայն ելնելով այն բանից, թե արդյոք պետության հատկանիշներն առկա են, թե ոչ: Իհարկե, կան որոշակի բացառություններ այդ կանոնից:

Այդ առումով իմ առաջարկը հետևյալն է. ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը: Արցախն արդեն առնվազն 30 տարուց ավելի անկախ պետություն է՝ անկախ իր միջազգային իրավական ճանաչումից: Այն բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշները»,-ասաց նա:

Վարդան Պողոսյանի խոսքով, Արցախը սահմանադրական ճանապարհով դեռևս մինչև ԽՍՀՄ փլուզումը հասավ նրան, որ ինքն այլևս Ադրբեջանական ԽՍՀ մաս չէր: Այսինքն 1991-ից հետո Արցախը անկախ պետություն է, որն իրականացվել է և խորհրդային օրենսդրությանը, և միջազգային իրավունքին համապատասխան: Նա նկատեց, որ 1991-ին, երբ Արցախն անկախացել էր, դեռևս գոյություն չուներ անկախ Ադրբեջանը, որից անջատվել էր Արցախը: Արցախը անջատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից:

«Որոնք են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի կազմավորումը, որը հավակնում է լինել պետություն: Այդ չափանիշները դասական են ու անվիճելի են: Պետությունը պետք է ունենա հետևյալ հատկանիշները. մշտական բնակչություն, սահմանված տարածք, կառավարություն և որպես լրացուցիչ հատկանիշ՝ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

Եթե տվյալ պետության ստեղծումն իրականացվել է միջազգային իրավունքի պարտադիր հիմնարար սկզբունքների խախտմամբ, իսկ դրանց մեջ ամենաառաջնայինը ուժի կիրառումն է, ապա այդ պարագայում պետությունները նույնիսկ պարտավորություն ունեն չճանաչելու տվյալ փաստը, որ կա նման պետություն: ՄԱԿ-ի ԱԽ-ը նման բանաձև ընդունել է Հյուսիային Կիպրոսի թուրքական հանրապետության վերաբերյալ, քանի որ այդ կազմավորման հռչակումը Թուրքիայի կողմից ագրեսիայի արդյունք է: Կա միայն այդ բացառությունը: Արցախին վերաբերող ՄԱԿ-ի 4 բանաձևերում նշույլ անգամ չկա այն մասին, որ ԼՂՀ-ն ապօրինի կառույց է, որ ագրեսիայի հետևանքով է այն ստեղծվել, որ կա չճանաչման պարտավորություն: Ակնհայտորեն, ՄԱԿ-ի այդ բանաձևերը ելնելում են նրանից, որ դե ֆակտո կա իշխանություն ԼՂ-ում, որն արդյունավետ իրականացնում է իր իշխանությունը տարածքի նկատմամբ, ռազմական հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ և ակնհայտորեն այդ բանաձևերում ամրագրված է, որ տեղական ուժերն են գրավել այս կամ այն տարածքը և կոչ է արվում Հայաստանին, որ օգտագործի իր ազդեցությունն այդ տեղական ուժերի նկատմամբ՝ դուրս բերելու այդ ուժերը Ադրբեջանի տարածքից: Նույնիսկ օգտագործվում է օկուպացված տարածք արտահայտությունը: Եթե ՄԱԿ-ն ընդունում է, որ Ադրբեջանի տարածքը գրավել են Ղարաբաղի ուժերը, օկուպացիոն ուժ կարող է լինել միայն պետությունը: 1993-ին որևէ խոսք միջազգային որևէ կառույցի կողմից չի եղել այն մասին, որ ռազմական գործողությունները ոչ թե ԼՂ-ի և Ադրբեջանի միջև են, այլ Հայաստանի և Ադրբեջանի,-հայտարարեց Վարդան Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ նաև եվրոպական համայնքը 1992-ի հունիսին ողջունում էր, որ կոնֆլիկտի կողմերը համաձայնության են եկել զինադադարի և հատկապես ողջունում էին ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի ջանքերը, որ նրա խորհրդով ԼՂ իշխանությունները համաձայնություն են տվել այդ պլանին:

«Ակնհայտ է, որ Արցախի սուբյեկտայնությունից էր ելնում նաև Մինսկի խմբի գործունեությունը: Բոլոր առաջարկվող տարբերակներում միշտ վերջնական փուլում առաջարկ է եղել, որ պայմանագրի ստորագրման համար լինի նաև ԼՂ-ը: Սա վկայում է, որ ԼՂ-ն առնվազն դե ֆակտո ճանաչվել է և Ադրբեջանի, և միջազգային հանրության կողմից: Նույն Ադրբեջանը 1993-ին նույնիսկ օգտագործել է ԼՂՀ արտահայտությունը: 1993-ի սեպտեմբերի 3-ին հայր Ալիև ը ստորագրում է լիոզորություն այն ժամանակվա Միլի Մեջլիսի նախագահին, որ կազմակերպի բարձր մակարդակի հանդիպում Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

1993-ի օգոստոսին Ադրբեջանի ՊՆ նախարարն ու Արցախի ՊՆ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, ստորագրում են լոկալ հրադադարի պայմանագիր: Այդ փաստաթուղթը կա: Այսինքն ԼՂ սուբյեկտայնությունը ընդունվել է Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց իրավաբանը:

Նա հայտարարեց, որ օդի մեջ կախված պնդումներ են, թե Արցախը Ադրբեջանի մաս է. «Ադրբեջանը չունի որև է իրավական տիտղոս Արցախի նկատմամբ: Ադրբեջանի նարատիվը բավական բարդ է, իրենք մինչև հիմա չեն կարողանում ասել, թե իրենք ովքեր են. իրենք 1918-1920 թթ․ հանրապետության իրավահաջո՞րդն են, ինչպես գրել են անկախության հռչակագրում, թե իրենց դիտարկում են խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ պետություն:

1991-ի հոկտեմբերին, երբ Ադրբեջանն ընդունեց Ադրբեջանի անկախության վերականգնման մասին ակտը, դրանից առաջ ԼՂ-ն արդեն ինքնորոշվել էր և իրեն հռչակել ԼՂՀ:

Մենք ականատեսն ենք այն իրողության, որ ՀՀ իշխանություններն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշումներ են ցուցաբերում այս հարցում, քան հենց ադրբեջանցիները: 1991-ի Ալմաթիի հռչակագիրը ադրբեջանական նարատիվ է, բայց դա շրջանառության մեջ մտցրեց Հայաստանի վարչապետը: Այս ամենն արվում է այն «հիմնավորվամբ», որ մենք թույլ ենք, չենք կարող պաշտպանվել և պետք է հրաժարվենք մի մասից, որ պահենք ամբողջը: Այդպես չի լինում: Եթե մենք պետություն ենք, պետք է կարողանանք մեզ պաշտպանել, եթե պետությունն իրեն չի պաշտպանում, ոչ ոք իրեն չի պաշտպանելու: Հետևաբար Արցախի ճակատագիրը բոլորիս ճակատագիրն է, և մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք պահպանել Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և հասնենք նրան, որ Արցախը մնա անկախ և լինի անվտանգ պետություն»,-իր խոսքն ամփոփեց Պողոսյանը: