Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի մասով պարտադրված որոշումը

Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Միշտ էլ կարելի է պահանջվող բառեր գտնել (երբեմն նույնիսկ սրտաճմլիկ) ՝ արդարացնելու այն քայլերը, որոնք շատերի համար այդպես էլ մնում են անհասկանալի: Մեր օրերում այդքան էլ դժվար չէ այդ ամենը շարել. սպիչրայթերների պակաս չկա, եթե դրան էլ հավելենք, որ ելույթներ գրողներն էլ սեփական մտքերն են կցում տեքստին (մուռը հանելու մտայնությամբ)՝ ամեն ինչ ստացվում է լացելու չափ տխուր, բայց նաև ծանոթ: Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը:

Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար:

Երկար գրելու կարիք չկա, ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ լավ հիշել 2023թ. փետրվարի 23-ի դեպքերը, ստորագրված հրամանագիրը և այդ առթիվ հնչեցված ուղերձը (դժվար կլինի այդքանը հիշել, սակայն ուղերձի՝ Արցախի ապագային վերաբերող հատվածը հիշելը պարտադիր է): Մի հայտնի անեկդոտ հիշեցի. երբ ծովում խեղդվող մեկին Աստված երկու անգամ օգնության ձեռք է մեկնում, բայց այս մարդը չի հասկանում ուղարկված նշանները և շարունակում է սպասել, որ հենց Աստվածը իրեն հանի այդ անելանելի վիճակից… Հույս ունեմ, մեզ ուղարկված նշանը վերջինը չէ: Հասկացողը՝ կհասկանա»,- գրել է նա: