Ի՞նչ սպասել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նոր փուլից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը վերլուծաբան, աշխարհագրական գիտությունների դոկտոր Արմեն Վալեսյանն է։

Ռուսաստանում լուրջ փոփոխություներ են արվում կրթական համակարգում, ինչի մասին օրերս իր ելույթում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաղորդման ժամանակ այս մասին տեղեկացրեց հյուրը՝ նշելով, որ բարձրագույն կրթական համակարգը վերադառնում է դասական՝ երբեմնի Խորհրդային Միությունում գոյություն ունեցող համակարգին, որն աշխարհում լավագույներից էր։ Բոլոնիայից եկած աղբը, որը նաև Հայաստանում է ներդրվել, Ռուսաստանում վերացնելու են, և դա սկզբունքային փոփոխություն է։ Սկզբունքային է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին։ Ըստ Արմեն Վալեսյանի՝ մեզ համար տեսանելի է այդ հակամարտության ռազմական դրսևորումը։ Բայց կարևոր է նաև հակամարտության այն մակարդակը, որտեղ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է իր արժեհամակարգը ՌԴ տարածքում տարածելով՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանից ի վեր։ Դա նաև ռազմական պայքարում Ռուսաստանի հաղթանակի երաշխիք է։ Վլադիմիր Պուտինը այդ մակարդակում է սկսել նաև ամրացնել ու անվտանգ դարձնել երկիրը։ Ռուսաստանն ունի սեփական աշխարհայացքային համադրույթը, որը այլընտրանք է արևմտյան արժեքներին։

Հաղորդման հյուրը հավաստեց, որ Ռուսաստանը բավականին վճռական է և ամեն ինչ անելու է արևմտյան ճնշումներից չընկրկելու համար։ Կանխատեսումները, թե արևմտյան պատժամիջոցներից Ռուսաստանի տնտեսությունը մեկ-երկու ամսում փլուզվելու է, հասարակական դժգոհություններ են առաջանալու իշխանությունների նկատմամբ, սխալ դուրս եկան։ Ռուսաստանը բավականին կայուն վիճակում է, տնտեսությունը մի քիչ անկում է ապրել, բայց ընթացիկ տարվա համար տնտեսական աճ է կանխատեսվում։ Հաշվի առնելով պատերազմական դրությունը, Ռուսաստանում հիմնական շեշտադրումը դրվել է ռազմական արդյունաբերության վրա, ինչը զենքի, սպառազինության առումով երկիրը կապահովագրի զենքի կարիքից։

Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ մինչև բավական կտրուկ ու ռազմական հաջողություններ ապահովող քայլեր չարվեն ՌԴ-ի կողմից, պատերազմի երկրորդ կողմը չի ընկրկի, կոմպրոմիսների չի գնա։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում