Հաագայի դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը․ Փաշինյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշումը չափազանց կարևոր է, գործադիրի նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին հրապարակված որոշմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ «Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքանով էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում` դա այլ հարց է, բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝  երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ` ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Հաջորդ արձանագրումը, ըստ նրա, այն է, որ դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյմեբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

«Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է, միջազգային պարտավորությունն է»,- ընդգծեց նա։

Փաշինյանի խոսքով՝ մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է. դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: «Ըստ այդմ, նաև տվյալ հայտարարության և դրա դրույթներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:

«Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:

Հիշեցնենք, որ  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամն ՀՀ-ն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին  դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը։

Ադրբեջանն էլ հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին: