Ինչո՞ւ է կյանքն անհետաքրքիր թվում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետսիյանն է։

Գիրք կարդացեք, որպեսզի զվարթ լինեք, և կյանքը տխուր չլինի։ «Երկրորդ կարծիքի» եթերում Լիա Ավետիսյանը խոսեց տարբեր հասարակարգի չափորոշիչների, արժեքների մասին՝ հորդորելով գիրք կարդալ։ Նա հիշատակեց ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիին, որն ասել է՝ մարդկությանն ամեն ինչ տրված է, նա կարող է տիեզերքով սավառնել, մոլորակներ տեսնել, բայց նախընտրում է նստել բազմոցին, գարեջուր խմել և սերիալ նայել։ Ծուլությունը աստվածաշնչյան մեղք է և շատ մեղքերի աղբյուր է։ Երբ ծուլությունը խրախուսվում ու տարածվում է որպես պարտադիր ապրելակերպ, ամենագործունյա մարդն էլ ծուլանում է։ Իսկ գիրք կարդալու համար պետք է հաղթահարել այդ ծուլությունը։ Այսօր ծնողները երեխաների ձեռքը ոչ թե գիրք, այլ սմարթֆոն են տալիս ու փչացնում երեխային։

Տեխնոլոգիաների զարգացման հետ մարդիկ ավելի ու ավելի ծույլ են դառնում։ Ինչպես իր գրքում՝ «Ուտոպիա 14»-ում, նկարագրել է Կուրտ Վոնեգուտը, հեռավոր ապագայում գործարաններում մարդկանց ազատում են աշխատանքից, քանի որ գործարաններն ինքնաբավ են դառնում և այլևս մարդկանց կարիքը չի լինում։ Եվ փորձի փոխանակման համար արևելյան մի երկրի թագավոր է ժամանում այդ երկիր, նրան տանում են միջին վիճակագրական ընտանիք, որտեղ ներկայացնում են, որ անգամ ճաշը առանց մարդու միջամտության է պատրաստվում։ Նա զարմանում է, թե ի՞նչ նպատակով է այդքան ժամանակը խնայում ու պարզվում է՝ այն անիմաստ սպանելու համար։

Գրող հրապարակախոսը ներկայացրեց, որ մարդիկ գալիս են ապրելակերպի այդ չափանիշներին ոչ պատահականորեն, դրանք մշակվում են շատ լուրջ գրասենյակներում ու մեծ գումարներ են ծախսվում դրանք մարդկանց մեջ տարածելու, մարդկանց պարտադրելու համար։ Արդյունքում ձևավորում են չմտածող, սովորական սպառող։

Անդրադառնալով սերիալային մոլուցքին, որով տառապում են հայկական գրեթե բոլոր հեռուստաալիքները, Լիա Ավետիսյանն ասաց, որ դա ևս ծրագիր է։ Ըստ նրա՝ պատահական չէր, որ փակվեց ու անգործության մատնվեց «Հայֆիլմ» կինոստուդիան։ Եթե չունես պետականություն, իրավունք չունես ունենալ կինոստուդիա, որպեսզի ազգային, պետական քարոզչությամբ չզբաղվես։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում