Ինչո՞ւ Արցախի որոշ համայնքներում գազ կա, երբ Ադրբեջանը արգելափակում է Հայաստանից սնուցող գազատարը

Արցախի Հանրապետության բոլոր շրջաններն ունեն միջշրջանային երկար գազատարների ընդհանուր ցանցեր, ուստի գազամատակարարումը դադարեցնելուց հետո խողովակներում կուտակված գազը հնարավորություն է տալիս դեռևս մի քանի օր շրջանների բնակավայրերի բաժանորդներին ապահովել գազով` սպառման փոքր ծավալների շնորհիվ:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրողաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը՝ պարզաբանելով, թե Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախը սնուցող գազատարն արգելափակելու դեպքերում ինչով է պայմանավորված գազի առկայության հանգամանքը Հանրապետության որոշ համայնքներում, մինչդեռ Ստեփանակերտում դրա մատակարարումն անմիջապես ընդհատվում է:

«Բաժանորդների հիմնական թիվն ու սպառման մեծ ծավալներ ունեցող Ստեփանակերտում ընդհանուր գազամատակարարման ցանց փոքր է և մատակարարումը դադարեցնելուց հետո գազատարներում կուտակված գազը ժամերի ընթացքում սպառվում է»,-հավելել է «Արցախգազ» ընկերության Ստեփանակերտի արտադրողաշահագործման տեղամասի պետը։