Եզդիները նշում են սիրո հովանավոր Խըդըր Նաբիի տոնը (տեսանյութ)

Խըդըր Նաբի կամ Խըդըր Էյլասի տոն․ սա եզդիական ավանդական ամենահայտնի և մեծ շուքով նշվող տոներից մեկն է։ Այսօր՝ փետրվարի 13-ից հետո առաջին ուրբաթ օրը, հայաստանաբնակ եզդիները առավոտից սկսած մեծ սեղան են բացում, այցելում միմյանց տներ, շնորհավորում իրար: Այդ օրը միմյանցից նեղացածները հաշտվում են։ Ասում են՝ ըստ ավանդության՝ այս օրը չպետք է միմյանցից նեղացած մնալ։ Բուն տոնից առաջ ընդունված է ծոմ պահել երեք օր: Տոնի նախորդ՝ հինգշաբթի օրը եզդի չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ (Տոտկա Շոռ) են ուտում, որը պատրաստում են չամուսնացած աղջիկները:

Եզդի ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդության՝ Սուրբ Խըդըր Նաբին իր հզորությամբ տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողության: Եզդի ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում նա դիտվել է նաև որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր: