Փաշինյանն ու իր թիմը թրքահպատակ կեցվածք ունեն, նրանք աշխարհին ասում են՝ մենք Թուրքիայի հպատակն ենք (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պատմաբան Արամ Մկրտչյանն է։

 Արամ Մկրտչյանը, մասնավորաբար, ասել է․

  • Բերձորի միջանցքը կարող է բացվել միայն Հայաստանի տարածքային ամբողջականության մոդելով, զենքի ուժով, ինքնորոշման իրավունքի ճնշմամբ։ Մնացած մոդելները պարտված են։
  • Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակը Արցախի ժողովրդի ուշադրությունը բուն խնդրից շեղելն է։ Ե՛վ Արայիկ Հարությունյանը, և՛ Ռուբեն Վարդանյանը լավ գիտեն, որ սահմանադրական փոփոխությունների անվան տակ գնում է Արցախի իրավունքի տապալում։ Նման կրիտիկական վիճակում, երբ պետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, երբ պարտություն է կրել պատերազմում, ու այդ իրավիճակում հանկարծ որոշում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դա թույլ կտա Ադրբեջանին ասելու, որ սեպարատիստական ուժերը հերթական անգամ իր տարածքում ինչ-որ գործողություններ են իրականացնում, և կբացի Ադրբեջանի ձեռքերը՝ զենք կիրառել արցախահայության դեմ։ Ես դեմ եմ սահմանադրական փոփոխությանը Արցախում։ Եթե ուզում են փոփոխություն, ուրեմն Վարդանյան-Հարությունյան կողմերից մեկը պետք է զիջի, ու զիջողը պետք է լինի Արայիկ Հարությունյանը․․․
  • Փաշինյանի փիլիսոփայության հիմքում դրված է թուրքական հպատակությունը։ Եվ երբ նա խոսում է «խաղաղության պայմանագրից» ու ասում հակակշիռների համակարգի ներդրման մասին, այդ հակակշիռների տակ նա ենթադրում է թուրքական կողմի գերակայությունը հայկական շահի նկատմամբ։ Պարտված կողմը չի՛ կարող առաջարկել զսպումների մեխանիզմէ։ Դա անում է հաղթող կողմը՝ ստիպելով պարտվածին իր բանաձևումները հիմք ընդունել։ Եվ հիմա Փաշինյանը դա է իրականացնում՝ փայլուն ձևով։
  • Փաշինյանը, ազատականացնելով Վրաստանի հետ սահմանի անցումը, նա օրինականացնում է թուրքական էլեմենտի՝ առանց վիզա Հայաստան մտնելու խնդիրը։
  • Փաշինյանի բոլոր հայտարարությունների մեջ բացակայում են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի իրավունքները։ Իսկ մեր իրավունքների կարևորագույն մասը Արցախի անբաժանելիությունն է Հայաստանից։ Եվ եթե Փաշինյանի մոտ չկա այս հարցի կարևորությունը, ապա նրա ասած յուրաքանչյուր խոսք, նրա յուրաքանչյուր հանդիպում միտված է ՀՀ իրավունքներն այլ կողմերի իրավունքներին ստորադասելուն։
  • ՀՀ իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը։ Հիմա պետք է ձևավորվի կողմ, որը պետք է կարողանա ներկայացնել ՀՀ ու հայ ժողովրդի շահերը, և այդ կողմը պետք է թույլ չտա, որ Փաշինյանը գնա հայության նյութական իրավունքի՝ տարածքային իրավունքի կրճատման։
  • Խորհրդային տարիներին Հայաստանը եղել է 31 000 քառ/կմ, Փաշինյանը հայտարում է՝ 29, 800 քառ/կմ։ Մենք 1991թ․ Անկախության հռչակագրով միացյալ Հայաստան ենք, դա նշանակում է՝ Արցախ ու Հայաստան՝ 40 000 քառ/կմ։ Բայց Փաշինյանը մեր նյութական՝ տարածքային իրավունքը կրճատում է երկու անգամ․ այսինքն՝ Արցախը նվիրում է, հետո Խորհրդային Հայաստանից անջատում է ևս 2000 քառ/կմ ու նվիրում է թշնամուն։
  • Փաշինյանը իրականացնում է հակապետական, հակասահմանադրական քայլեր։ Նա ստորագրում է փաստաթղթեր, որոնք շրջանցում են խորհրդարանը։ Այդկերպ նա ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթ՝ շրջանցելով ԱԺ-ը։ Այսօր Փաշինյանը նույն ձևաչափով երկրորդ փաստաթուղթն է դնում շրջանառության մեջ՝ խոսքս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է։
  • Փաշինյանն ու իր կառավարությունը թուրքահպատակ կեցվածք ունեն, և իրենց բոլոր քայլերը կառուցում են հպատակության տրամաբանության հիմքով։ ՀՀ իշխանությունը օգտագործեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը իր հպատակությունը ևս մեկ անգամ հանրային դաշտում ցուցադրելու և միջազգային խաղացողներին ասելու, որ մենք ենթարկվում ենք օսմանյան ձևաչափին՝ մենք հպատակ ենք, մենք հավասար գործընկեր պետություններ չենք։ Ինչ մեսիջ նրանք հղեցին Թուրքիային, ասացին՝ խնդրում ենք, մեզ մի ծեծեք, մենք արդեն ծեծվել ենք ձեր կողմից, հիմա ասեք, թե ի՞նչ անենք, և մենք պատրաստ ենք անելու։ Սա է ՀՀ իշխանության գործողությունների մոդելը․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։