ՀՀ փոխվարչապետը դեսպան Մեդնեի հետ քննարկել է Հայաստան-Լատվիա փոխգործակցության հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Լատվիա փոխգործակցության հեռանկարներին: