Հայաստանին, Ադրբեջանին մեր ուղերձը լարվածությունը թուլացնելու ուղի գտնելու անհրաժեշտությունն է․ Նեդ Փրայս

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այսօր  ճեպազրույցում  անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։

«Ձեր կարծիքով, այս այցն ինչպե՞ս կազդի տարածաշրջանում խաղաղարար ջանքերի վրա։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այն»,-լրագրողը հարցրել է Փրայսին։

«Կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին մեր ուղերձը լարվածությունը թուլացնելու ուղի գտնելու անհրաժեշտությունն է, որպեսզի վերադառնանք համապարփակ և կայուն խաղաղության ճանապարհին։ Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Միացյալ Նահանգները կշարունակի անել ամեն ինչ՝ առաջընթացի հասնելու համար՝ ինչպես կողմերի հետ անմիջական աշխատանքի, այնպես էլ բազմակողմ ինստիտուտների ու խմբերի միջոցով։ Հուսով ենք, որ մյուս երկրները նույն ուղերձն են հղում»,- պատասխանել է Փրայսը:

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիային Հայաստանի կողմից հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին՝ Պետդեպի  ներկայացուցիչն ասել է՝ ողջունում են ողջ աշխարհի երկրների կողմից  փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի ու Սիրիայի ժողովրդին ցուցաբերած աջակցությունը։

«Մի շարք երկրներ ցուցադրել են ոգու առատաձեռնությունը, որն անհրաժեշտ կլինի այս հզոր երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։ ԱՄՆ-ը փորձեց օրինակ լինել»,-ասել է նա։