44-օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում

44-օրյա պատերազմին մասնակցած 59 զինծառայողներ 2022 թ․ դեկտեմբերի 12-ի դրությամբ դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում, որով առաջարկվել է անհետ կորած զինծառայողներին տրվող ամենամսյա սոցիալական աջակցությունը երկարացնել ևս 2 ամսով։

Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով անհետ կորածների ընտանիքները պետք է դիմեն դատարան` իրենց հարազատներին «անհայտ բացակայող ճանաչելու» հարցով, ինչը ոչ բոլոր ընտանիքներն են արել, կամ դատարանները այդ հայցերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացրել։

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, և տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած 59 զինծառայող առայժմ անհայտ բացակայողի կարգավիճակ չունի, կառավարությունը որոշել է ևս երկու ամսով երկարացնել նրանց ընտանիքներին 300 000-ական դրամ աջակցության տրամադրումը` այդ նպատակի համար 2023 թ․ բյուջեից հատկացնելով 35 400 000 դրամ։

Հիշեցնենք` 2022 թ ընդունած որոշման ժամկետն ավարտվել էր նոյեմբերի 1-ին։ Այդ պահից սկսած սոցիալական վճարումները դադարեցվել էին։ Եվ, քանի որ 2022թ–ին ՀՀ կառավարությունը վճարումների շարուակականությունն ապահովելու համար նոր որոշման ընդունումը տեխնիկապես անհնար է համարել, այն ընդունվել է ուշացումով` հատկացումը թողնելով 2023 թ բյուջեի` կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: