Հայաստանին պարտադրվող «ապաշրջափակման» իրական հետևանքները. Թադևոս Ավետիսյան

Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ կուսակցության անդամ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը.

«1․ Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր կողմերի ազգային շահերի փոխհամաձայնեցման հիմքով, այլ ոչ թե մեկի պարտադրանքով։

2․ Պատմական փաստ է․

Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։

3. Մինչև 44-օրյա պատերազմը․

Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման միջոցով էին նաև փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

4․ Հիմա, երբ ունեն ռազմական դոմինանտություն․

թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ։

5․ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) քաղաքականություն։

6․ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ․

Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։

7․ Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․

Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

8․ Տեղական արտադրանքը փոխարինվելու է թուրքականով․

առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

9․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը և այս բացասական ցուցանիշն ունի և ունենալու է էական աճի միտում։

10․ Նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը և հետագա կառավարման վրա իրական ազդեցությունը լինելու են աննշան»։