Տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ անվտանգության և իրավունքների շուրջ․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ այս մեխանիզմի կայացման շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ամեն ինչ պետք է հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա, մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, սա է հայկական կողմի դիրքորոշումը։ Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել միջազգային այլ պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակել քննարկել հստակեցնելու համար։ Այս փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում, հասկանալի է, որ հանրությունը հստակ պատասխաններ է ակնկալում, բայց դա բանակցային գործընթաց է։ Այն տեքստի վրա, որը փոխանցել էր մեզ Ադրբեջանը, մենք աշխատել ենք և փոխանցել ենք, հետո Ադրբեջանն է աշխատել ու փոխանցել։ Հիմա հայկական կողմն է աշխատում և կարծում եմ, որ այդ տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի, և մենք կփոխանցենք՝ դեռ հայտնի չէ, թե ինչ ձևով»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։

Հայաստանի համար սկզբունքայի՞ն հարց է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի, Գրիգորյանը պատասխանեց․ «Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության և իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնայինն է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ կոնկրետ ինչ ենք մենք ներառում Խաղաղության պայմանագրում, Գրիգորյանը նշեց, որ հարցը ոչ թե կոնկրետ ինչ-որ բան ներառելն է, այլ մոտեցումը՝ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ անվտանգության և իրավունքների շուրջ։

«Այդ մեխանիզմը ստեղծելու շուրջ կհասկանանք, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունը և իրավունքները»,- ասաց նա։