Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանն այսօր մաշկի փոխպատվաստման կենթարկվի
Գեղարքունի մարզի Ազատ գյուղի N զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի։ Այս մասին հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
«Կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ կապիտանը դեռևս չի հարցաքննվել։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նաև պատմել է նախորդ շաբաթ նույն վիրահատությանը ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակի մասին։ Նրա խոսքով, զինծառայողի վիճակը բավարար է, ունի ականջի աճառի բորբոքում, ինչի բուժումից հետո կարող է տեղափոխվել զինվորական հոսպիտալ։