Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել

Փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացել է ակումբի նիստ՝  ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով:

Նիստը վարող պալատի նախագահ հիշեցրել է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:

Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են  Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել:

Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել:

Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված  ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել   Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը:

Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին:

Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ:

Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են.

  1. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը.
  2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության.
  3. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար.
  4. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ.
  5. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին: