Արմուտքն օրինակ ծառայեց, թե ինչու Հայաստանը կարող էր օգնություն չուղարկել Թուրքիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանն է։

Կուզեի հարց տալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ երբ նրանք հանձնում էին Սուսը, Աղավնոն, Բերձորը, մտածում էին՝ Արցախը կղզու վերածելով՝ լա՞վ են ապրելու։ Անդրադառնալով այսօր Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ հարցադրում արեց հաղորդման հյուրը։ Արցախի Հանրապետության նախագահը գրել է, որ երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի Հանրապետության 120 000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120 000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։ Նա նաև դիմելով առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին հորդորում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ՝ պատժամիջոցներ սահմանի Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը: Բագրատ Մովսեսյանը պոպուլիզմ անվանեց այդ դիմումը՝ վստահություն հայտնելով, որ ամենևին նշված երկրների շահերից չի բխում Ադրբեջանի նկատմամբ շոշափելի պատժամիջոցներ կիրառելը։ Նրա կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի այդ կոչը ներքին լսարանի համար է՝ արցախցիներին սիրաշահելու։

Նա անդրադարձավ նաև արևմտյան երկրներում և մասնավորպես Ֆրանսիայում հայկական համայքնի դերախաղացմանը՝ ասելով, որ ոչինչ չի արվում միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելու համար։ Հայկական համայնքը բավարարվում է միայն ինչ-որ չափով նյութական օգնություն ուղարկելով, իսկ դիվանագիտական դաշտում, որ նրանք ահռելի ուժ են, ոչինչ չի արվում։ «Ո՞ւր են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, ինչո՞ւ այս օրերին նրանց ձայնը չի լսվում»։ Արցախում հնարավոր ցեղասպանության մասին չեն խոսում նաև «Ավրորայի» մրցանակակիրները։

Անդրադարձանք նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությանը՝ ի՞նչ ակնկալիքով է Հայաստանը 30 տարի փակ պահված Մարգարայի կամրջով 100 տոննա օգնություն ուղարկել, և արդյո՞ք միամտություն չէ ՀՀ իշխանությունների սպասելիքը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում