Ստեփանակերտում երիտասարդ մայրերի մասնակցությամբ խաղաղ հավաք է անցկացվել

Փետրվարի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և  ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական  խմբի նախաձեռնությամբ։

«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ին ասել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։

Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։

Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշել է նա ։

Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ են նկարել։

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։

Երկու ամիս է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,…  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։