Արցախում քաղաքաշինության ոլորտում գրեթե բոլոր ծրագրերը կասեցված են. փոխնախարար

Ադրբեջանի կողմից Արցախը մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակման հետևանքով Արցախի քաղաքաշինության ոլորտը ամեն օր շարունակում է մեծ վնասներ կրել։ «Արցախպրես»ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը՝ ավելացնելով, որ շրջափակման հետևանքով հիմնական ծրագրերը կիսատ են մնացել։

«Վառելիքի և աշխատուժի Հայաստանից Արցախ տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով ոլորտում այս պահին գրեթե բոլոր ծրագրերը կասեցված են։ ՀՀ-ից էր ներկրվում նաև իրականացվող շինաշխատանքների համար նախատեսված շինանյութի մեծ մասը։ Շրջափակման պատճառով այդ ողջ գործընթացի կազմակերպումը փաստորեն անհնարին է դարձել:

Էլեկտրաէներգիայի խափանումներն էլ իրենց հերթին թույլ չեն տալիս պլանավորված աշխատել»,- նշել է Ա. Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ շինաշխատանքներն ընթանում են պահեստներում նախկինում ունեցած կամ շինանյութերի խանութներում առկա տեղական արտադրության նյութերով, որոնք խիստ սահմանափակ են։

Ա. Գասպարյանն ընդգծում է՝ եթե շրջափակումը շարունակվի, 1-2 ամիս անց բոլոր շինաշխատանքներն ամբողջությամբ կդադարեցվեն։

«Պլանավորած էր 2022-ի վերջին շահագործման հանձնել ևս 300 բնակարան, սակայն հասկանալի պատճառներով, մեզ դա չհաջողվեց։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում գյուղական համայնքներում ազատ բնակֆոնդից 300-ից ավելի տուն  վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված մեր հայրենակիցներին։ Պատերազմի հետևանքով հրետակոծությունից վնասված մոտ 3300 բնակարան է վերանորոգվել, իսկ 2800 բնակարանի վերանորոգման համար տրամադրվել է դուռ, պատուհան կամ այլ շինանյութեր»,- մանրամասնել է նախարարի տեղակալը` փաստելով` 2021-2022 թվականներին Հանրապետության ողջ տարածքում շինարարությունը լայն թափ էր ստացել, կառուցվել են նոր թաղամասեր։

Նա ասել էր, որ 2023 թվականին նախատեսվում էր շահագործման հանձնել մոտ 800 բնակարան կամ առանձնատուն։ Բայց այս պահի դրությամբ չեն կարող պլանավորել աշխատանքները՝ ստեղծված ծանր իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով։

Թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։