Անատոլիական սալը երեք մետր տեղաշարժվել է Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո

«Անատոլիական սալը երեք մետր տեղաշարժվել է Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո, սակայն դա վերջնական գնահատականը չէ»,- ասել է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Կառլո Դոգլիոնին։

Պրոֆեսորը նշել է, որ ցնցումները գրանցվել են Անատոլիական և Արաբական լիթոսֆերային սալերի միացման հատվածում։ «Անատոլիական սալը շարժվում է հարավարևմտյան ուղղությամբ՝ և՛ երկրակեղևի, և՛ եվրասիական ու արաբական սալերի առնչությամբ: Փաստորեն, այն շարժվում է ամեն օր՝ մի քանի միկրոնով: Բայց մինչև տարեվերջ, պարզվում է, որ մի քանի սանտիմետր է»,- մեջբերում է գիտնականի խոսքերը Anadolu ​​գործակալությունը:

Դոգլիոնին ուշադրություն է հրավիրել այն կետի վրա, որտեղ գտնվում է Թուրքիայում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժերի էպիկենտրոնը։ «Այստեղ տեղի է ունեցել էներգիայի կուտակում, որը տևել է տասնամյակներ: Քանի որ այս կետն այլևս ի վիճակի չէր էներգիա պահել, ապա Անատոլիական սալի շարժման ֆոնի վրա էներգիա է արտազատվել»,- պարզաբանել է գիտնականը։

Պրոֆեսորը նշել է, որ դեռևս դժվար է ճշգրիտ տվյալներ հնչեցնել, թե ինչպես է Անատոլիական սալը տեղաշարժվել։ «Մեր հաշվարկներով և ԱՄՆ Երկրաբանական ծառայության նախնական գնահատականներով՝ այս հատվածով տեղաշարժը կազմել է 3 մետր, սակայն հետո ճաքը տարածվել է, և տեղաշարժը շարունակվել է, տվյալները հաստատ կավելանան»,- ասել է նա։