Իշխանության ստերը Հայաստանն ու Արցախը դարձնում են միջազգային ուժային կենտրոնների հաշիվ պարզելու վայր (տեսանյութ)

«Երկամսյա առաքելության ընթացքում եղել է 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Ես այս արձանագրումը որևէ տեղ չեմ նկատել,- այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։- Երեկ էլ հայտարարում են, որ այդ ուժերին բերում են, որ Արևմուտքին համոզեն՝ Հայաստանը և Ռուսաստանը չեն պատրաստվում որևէ գործողության։ Սա բացարձակ խաբեություն է։ Առավելևս, եթե նպատակը դա էր, ինչո՞ւ դրան հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը։ Այս ստերը Հայաստանն ու Արցախը դարձնում են միջազգային ուժային կենտրոնների բախման վայր, հաշիվ պարզելու վայր»։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ բոլոր երկրները, որոնց ղեկավարները նման հիմարություն են թույլ տվել, խիստ զղջացել են դրա համար։ «Խաբել ուժային կենտրոն ներկայացնող երկրներին՝ անիմաստ է, որովհետև այդ երկրներն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունեն, քան Հայաստանը` բնակչություն»,- նշեց նա։

Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունը նախօրեին փորձեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հարցը ներկայացնել աբսուրդային լույսի ներքո։

«Նախագահ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործը կարվեց 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ամբողջ հայությունը կանգնած էր Արցախի կողքին, իսկ նախագահ Սարգսյանն Արցախում էր, այ այդ ժամանակ Փաշինյանի խմբակը գործ էր կարում Սարգսյանի դեմ։ Սա է Փաշինյանի համերաշխությունը։ Հիմա կարող ենք ավելի վտանգավոր արձանագրումներ անել, որ Հայաստանին և Արցախին սպասվում են ավելի ծանր օրեր։ Երեկ որոշ շերտեր իրենց թույլ են տվել շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը։ Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության և մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում