2022 թ. նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցաջակցություն ստանալ

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ. նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։

Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։