Առաջիկայում Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի․ Իրանի դեսպան
Առաջիկայում Իրանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նշենք, որ խոսքը Թավրիզում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ծրագրերի մասին է։
Նա համոզմունք հայտնեց, որ այն հարցերը, որոնք բարձրացվում են փորձագիտական մակարդակով, պետք է վերածվեն պահանջի և պետք է ձևավորվի օրակարգ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։
«Երկու երկրների ղեկավարներն ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Երկու երկրներն էլ պետք է ունենան հատուկ օրակարգ։ Մենք եղել ենք, կանք և կլինենք հարևաններ»,-նշեց դեսպանը։
Նա օրինակելի քայլ համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։
Հիշեցնենք, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։